«Բավարիան» «Յուվենթուսից» գնեց Կինգսլի Կոմանին
Ֆրանսիացին մնում է Մյունխենում:
«Բավարիան» օգտագործեց կիսապաշտպանի գնման հնարավորությունը: Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաղորդել է, որ 20-ամյա Կոմանի հետ ստորագրել է լիարժեք պայմանագիր մինչև 2020 թվականը:
«Կինգսլին կարևոր տարր է ակումբի ձևավորման համար: Նա մեծ հույս է ներշնչում և հսկայական պոտենցիալ ունի: Վստահ ենք, որ նա կօգնի մեզ նաև ապագա տարիներին»,- հայտարարել է «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Գործարքի ֆինանսական տվյալները չեն հաղորդվում: Transfermarkt-ը վստահ է, որ «Յուվենթուսը» ֆրանսիացու դիմաց ստացել է 28 մլն եվրո (7 մլն եվրո՝ վարձակալության համար, և 21 մլն՝ գնման համար):
«Բավարիան» Կոմանին վարձակալական հիմունքներով «Յուվենթուսից» ձեռք էր բերել 2015 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը