Ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ
Վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի հայկական տիրույթի գլխավոր թեմաներից մեկը երևանյան վաճառակետերում վաճառվող ադրբեջանական խնձորն է։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՖԲ օգտատերերից մեկն իր էջում տեղադրեց խնձորների լուսանկար՝ «Product of Azerbaijan» մակնշմամբ արկղերի մեջ, և գրեց, որ դա լուսանկարել է իրենց բակի խանութում։
Սկզբում շատերը չէին հավատում՝ մտածելով, որ լուսանկարը վերցվել է մեկ այլ աղբյուրից։ Սակայն նույն օգտատերը քիչ անց տեղադրեց նաև տեսանյութ, որտեղ երևում էր, որ ադրբեջանական խնձորը վաճառվում է Աջափնյակի մրգի խանութներից մեկում։ Հետո հայտնվեցին այլ գրառումներ, և շուտով պարզվեց, որ ադրբեջանական խնձորը վաճառվում է մայրաքաղաքի մեծ թվով վայրերում։
Ինչպես և կարելի էր սպասել՝ սկիզբ առավ քննադատական մեկնաբանությունների տարափ։ Ոմանք գտնում էին, որ պետք է լինչի դատաստանի ենթարկել այդ խնձորը վաճառողներին, մյուսները՝ ՀՀ մաքսավորներին, երրորդները՝ դա գնողներին, չորրորդները՝ բոլորին միասին։ Այս ամենը համեմվեց նաև հիշեցում-զգուշացումներով, որ դա պատահական չէ, որ ադրբեջանցիները, չի բացառվում, թունավորել են այդ խնձորները, և այլն։
Ինչ եղավ դրանից հետո։ ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 23-25-ը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ են կատարվել՝ կապված հայկական շուկայում ադրբեջանական ծագման խնձորի իրացման ահազանգի հետ: Ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, ուսումնասիրությունների արդյունքում Երևանի և մարզերի թարմ պտուղ-բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ-բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:
ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: ՍԱՊԾ-ն նաև տեղեկացնում էր, որ ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում և՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան։ Իսկ որտեղի՞ց է խնձոր ներկրվել։ Ըստ ծառայության տվյալների՝ ապրիլի 1-25-ը Հայաստան խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Իտալիայից:
«Ադրբեջանական ծագման խնձոր նշված բեռներում չի եղել. բոլոր դեպքերում ապրանքն ուղեկցվել է համապատասխան փաստաթղթերով, ինչի հիման վրա էլ թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցե,լ և ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռք բերելուց և նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել՝ զանգահարելով ՍԱՊԾ թեժ գծին»,- նշել է ծառայությունը:
Ասել է թե՝ ադրբեջանական խնձորը Հայաստան է մտել մաքսանենգ ճանապարհով։
ՍԱՊԾ հայտարարությունից անմիջապես հետո հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն՝ շեշտելով, որ խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ։
ՊԵԿ-ը նաև հիշեցրել է, որ ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ, և, որ իրենք նախաձեռնել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:
Թերթը տպագրության ուղարկելու պահին այլ մանրամասներ այլևս հայտնի չէին։ Չի բացառվում, որ այսօր որոշ տեղեկություններ հայտնվեն, թե ադրբեջանական խնձորն ինչպես է հայտնվել Հայաստանում։ Հետո ի հայտ կգա մեկ այլ թեմա, և ադրբեջանական խնձորի թեման կմոռացվի։
Ինչպե՞ս է ադրբեջանական մակնշմամբ խնձորը հայտնվել Հայաստանում, ինչպե՞ս է այն տարածվել վաճառակետերում, ինչպե՞ս են տնտեսվարողները համաձայնել այն վաճառել… Իհարկե, սրանք կարևոր հարցեր են, սակայն ամենակարևոր հարցը, որն այս աղմուկի մեջ պատշաճ ուշադրության չարժանացավ, հետևյալն է. ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ։ Չէ՞ որ, եթե այն վաճառվում է, ուրեմն պահանջարկ կա, եթե պահանջարկ կա, նշանակում է՝ այն կարողանում է գնով և որակով մրցակցել տեղականի հետ։
Այս հարցի պատասխանը որոշ չափով պարզ է դառնում, երբ այցելում ես ադրբեջանական խնձորի արկղի վրա նշված՝ արտադրողի կայքը՝ dad.az (dad` նշանակում է համ)։ Պարզվում է՝ DAD-ը մրգերի խոշոր մատակարար է, իսկ կայքի ֆունկցիոնալ հնարավորություններն այնքան զարգացած են, որ կարելի է օնլայն ընտրել ցանկացած միրգ և պատվիրել մեծ խմբաքանակներ։ Դժվար է հիշել հայկական որևէ ընկերություն, որը գյուղատնտեսական ապրանքների առևտրի ոլորտում այսպիսի որակ կապահովեր։
Զարմանալին նաև այն է, որ ադրբեջանական խնձորի նկատմամբ էմոցիոնալ արձագանքելուն զուգահեռ՝ շատ հանգիստ ենք վերաբերվում թուրքական ապրանքների ներմուծմանը։
Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, մի քանի տվյալներ նշենք։ Փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառության ծավալները 2000-ականների կեսերից շեշտակի աճել են և վերջին տարիներին կազմել միջինը 200 մլն ԱՄՆ դոլար։ 2008 թվականին այդ ցուցանիշը հասավ իր պիկին՝ մոտ 270 մլն դոլար։
2015 թվականին առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել էր՝ 233.8 մլն դոլարից հասնելով 138.4 մլն դոլարի։ Հնարավոր է՝ դա պայմանավորված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով, չի բացառվում նաև՝ ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ։ Ամեն դեպքում, 2016 թվականին առևտրի ծավալը կրկին աճեց և հասավ 164.3 մլն դոլարի։ Ընդ որում, երկկողմ առևտուր ասվածն այս դեպքում խիստ չափազանցություն է, քանի որ խոսքը գնում է հիմնականում թուրքական ապրանքների ներմուծման մասին։ Այսպես, 2016 թվականին Հայաստանից Թուրքիա արտահանվել է ընդամենը կես միլիոն դոլարի ապրանք, մնացած 163.8 մլն դոլարը ներմուծումն է։
Թուրքիայից Հայաստան ներմուծվում է ավելի քան 500 անուն ապրանք, այսինքն՝ գրեթե ամեն ինչ՝ շինանյութ, սարքավորումներ, քիմիական արտադրանք և այլն։ Արգելելն իմաստ չունի, որովհետև այլընտրանքը չկա կամ շատ թանկ է։ Ավելին՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Թուրքիայից Հայաստան ներմուծումը կրկնապատկվել է. ներմուծվել է 24 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12 մլն-ի դիմաց։ Այսինքն, դինամիկան դրական է, և թուրքական ապրանքների ներմուծումն աճի միտում ունի։
Սա բնական է։ Այն պարզ պատճառով, որ տեղական շուկայում թուրքական արտադրանքի տեսականու և ծավալի մի չնչին մասն է արտադրվում, իսկ այլ երկրներից ներմուծելը գին/որակ հարաբերակցությամբ զիջում է թուրքականին։ Սա փաստ է, որը, անգամ չուզենալով՝ պետք է ընդունել։ Իսկ եթե որևէ ապրանք մրցունակ է և պահանջված, ապա այն հայտնվելու է տեղական շուկայում՝ թեկուզ ուրիշ արտադրողի անվան տակ (որքան էլ խիստ լինի հսկողությունը)։
Հասկանալի է, թուրքական և, առավելևս, ադրբեջանական ապրանքների պարագայում հարցը գտնվում է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության հարթությունում։ Սակայն մեծ հաշվով՝ խնդիրների հիմքում տնտեսական բաղադրիչն է։ Այնպես որ, եթե Հայաստանում վաճառվում է ադրբեջանական խնձոր կամ թուրքական լոլիկ, ապա մեզ ավելի շատ պետք է մտահոգի ոչ թե այն հարցը, թե ինչպե՞ս են դրանք հատել սահմանը, այլ՝ ինչո՞ւ հայկական խնձորն ու լոլիկը գնային առավելությամբ չեն խեղդում դրանց և ի սկզբանե բացառում դրանց ներմուծման հնարավորությունը։