«Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխման վերաբերյալ:
Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնելու վարչական բեռը գործատուների համար:
«Այս նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին՝ առաջինը՝ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և իննամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի Կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:
Երկորդը՝ արագացնել արդեն իսկ մշակված նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ»: