Սպիտակ տունը ներկայացրեց հարկային բարեփոխման նախագիծը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 26-ին ներկայացրել է հարկային բարեփոխման նախագիծը, որը Միացյալ Նահանգների ղեկավարի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն էր։
Ինչպես նշում է The Hill-ը, բիզնեսի եկամտահարկն առաջարկվում է կրճատել ավելի քան կրկնակի՝ 35-ից մինչեւ 15 տոկոս, դա կվերաբերի ինչպես խոշոր կորպորացիաներին, այնպես էլ փոքր եւ միջին գործարարությանը: Նաեւ կսահմանվի արտասահմանից ընկերությունների եկամուտների վերադարձման նվազեցված դրույքաչափ, ինչը, նախագահի կարծիքով՝ կխթանի այդ փողերի հայրենադարձմանը:
Հետագայում իշխանությունները խոստանում են վերացնել միջազգային շահույթահարկը, որն այժմ կազմում է 35 տոկոս: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը համոզված է, որ դա կօգնի երկիր վերադարձնել «տրիլիոնավոր դոլարներ»:
Նախագիծը նաեւ ենթադրում է անհատական հարկման պարզեցում. յոթաստիճան սանդղակի փոխարեն, որն այժմ գործում է, առաջարկվում է ստեղծել երեք դրույքաչափ՝ 10, 25 եւ 33 տոկոս: Նաեւ ենթադրվում է կրկնակի ավելացնել հարկային հանուրդն ընտանեկան զույգերի համար. հարկումից կազատեն առաջին 24 հազար դոլարը համատեղ տարեկան եկամտից:
«Սա հիանալի պլան է»,-մեկնաբանել է Թրամփը կայացած շնորհանդեսը: «Այն մարդկանց կվերադարձնի աշխատանքը»,-հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: