Վրացական ավիափոխադրողը մեղադրում է Թուրքիային երկրի ավիացիայի զարգացմանը խոչընդոտելու մեջ
Թուրքիան թույլ չի տա, որ Վրաստանի ավիացիոն ոլորտը զարգանա: Ինչպես հաղորդում է վրացական Коммерсант-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Air Georgia ընկերության ղեկավար Գեորգի Կոդուան:
Գեորգի Կոդուայի խոսքով` թուրքական TAV ընկերությունը, որը Թբիլիսիի օդանավակայանի կառավարիչն է, շահագրգռված չէ, որ Վրաստանը վերածվի միջազգային ավիահանգույցի և այդ երկրի ավիացիոն ոլորտը զարգանա:
«Թուրքական TAV-ը ֆենոմեն է: Ոչ մի վրացական ավիաընկերություն չի կարող մրցել «Թուրքական ավիաուղիների» հետ, որոնք եղանակ են ստեղծում վրացական ավիացիոն շուկայում: TAV-ը ձգտում է, որ Թուրքիան լինի տարածաշրջանի ավիացիոն կենտրոնը, իսկ Վրաստանն ուղղակի սատելիտը: Սա հստակ ծրագիր է, որը կյանքի է կոչվում, և եթե Վրաստանի կառավարությունը չմիջամտի, իրավիճակը չի փոխվի»,- ասել է Կոդուան:
Ըստ նրա` եթե ամեն ինչ շարունակվի այս տեմպերով, ապա Վրաստանին 20-30 տարի կպահանջվի «Թուրքական ավիաուղիներին» մի փոքր մոտենալու համար:
«Սակայն 100 տարում էլ չենք հասնի, քանի որ TAV-ը առաջ է մղում Թուրքիայի շահերը և թույլ չի տա, որ Վրաստանն ուղիղ կապ ունենա Եվրոպայի և Ասիայի հետ»,- ասել է Կոդուան: