Գերությունից փախած Արսեն Ոսկանյանի պատմությունը Կոլումբիայի գլխավոր նորությունն է
Ռուսական НТВ հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մոսկվայաբնակ հայ Արսեն Ոսկանյանի մասին, ով օրերս փախել էր Կոլումբիայի պարտիզանական բանակի գերությունից` վիրավորելով ապստամբների ջոկատի 5 մարտիկների: Ռուսական հեռուստաալիքը նշում է, որ 40-ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունը Կոլումբիայում գլխավոր նորությունն է` տեղական գրեթե բոլոր հեռուստաընկերություններն իրենց նորությունները սկսում են նրա որոնողական աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժներով, ներկայացնում են մանրամասներ, փորձում են հասկանալ` ինչպես է մոսկվայաբնակ տաքսու վարորդը դարձել կոլումբիական ապստամբների գերին:
Նշվում է, որ Արսեն Ոսկանյանը Կոլումբիա է մեկնել ռուսական անձնագրով և միանգամից ուղևորվել է ջունգլիներ, որտեղ ամեն կոլումբիացի չէ, որ համարձակվում է գնալ, քանի որ այդ վայրերում շատ են թունավոր օձերը և վայրի գիշատիչները: Այդ վայրերում գրեթե ճանապարհներ չկան, դրանք քիչ բնակեցված տարածքներ են, որտեղ արդեն 50 տարի վերահսկողություն են սահմանել Կոլումբիայի ապստամբների բանակի մարտիկները: Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատանը ևս զարմացած են` հասկացե՞լ է Արսեն Ոսկանյանը, որ նման ճամփորդությունը շատ ռիսկային է: «Դա Կոլումբիայի ամենադժվար հասանելի տարածքներից է` ծածկված անտառներով: Գրեթե բացակայում են ճանապարհային ենթակառուցվածքները: Մարդիկ այդ տարածքներում հիմնականում տեղաշարժվում են գետերով կամ ջրանցքներով»,- հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Խրոմովը:
Ջունգլիներում, ինչպես պարզ է դարձել, Ոսկանյանը բռնել է թունավոր գորտերի: Հավանաբար, նա ցանկացել է դրանք անօրինական ճանապարհով Եվրոպա տանել, որտեղ այդ գորտերը կարելի է վաճառել աներևակայելի բարձր գներով: Սակայն արդյունքում թունավոր գորտերի «որսորդը» ինքն է ծուղակն ընկել: Նրան գերեվարել են պարտիզանական ջոկատի մարտիկները: «Կես տարի դիվանագետները, Կարմիր խաչի առաքելությունը բանակցում էին գերուն ազատելու համար, և ահա վերջին պահին ամեն ինչ ձախողվել է»,- նշում է հեռուստաընկերության լրագրողը:
Փախուստի վայրին մոտ կան մի քանի փոքր գյուղեր: Կոլումբիայի իշխանություններն այնտեղ ապրող բնակիչներին խնդրել են օգնել որոնողական աշխատանքներում: Վիրավոր գերուն փնտրում են նաև ոստիկանները ու ապստամբները: