«Դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրամանները և դրսևորում է հանցավոր անգործություն». Լևոն Զուրաբյան

Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը հայցվոր կողմին հարցրեց, թե քանի՞ հաղորդում են ներկայացրել ընտրախախտումների վերաբերյալ:

Հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ իրենք որևէ գրավոր հաղորում չեն ներկայացրել, այդ խախտումները հրապարակվել են մամուլով և Անկախ դիտորդի կայքով:

Նույն հարցը Բիշարյանն ուղղեց դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին` հիշեցնելով, որ վերջինս ասել էր, որ հաղորդումներ ներկայացնելու է:

«Պատճառն անվստահությունն է, որ մենք ունենք համակարգի նկատմամբ: Մենք մի անգամ փորձեցինք համագործակցել ձեզ հետ սահմանադրական հանրաքվեի ժամանակ, բայց և՛ դատախազությունը, և՛ իրավապահ մարմիններն այդ բոլոր հանցագործությունները պարտակեցին»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը` նշելով, որ անգամ բոլոր այն ընտրակեղծարարները, որոնք դատապարտվեցին, մի օր անգամ բանտում չանցկացրին: Զուրաբյանի խոսքով` դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրամանները և դրսևորում է հանցավոր անգործություն:

Բիշարյանի հրացին, թե ինչո՞ւ է մեղադրում հանցավոր անգործության մեջ, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ դատախազությունը չպետք է գործի միայն իրենց դիմումների հիման վրա, և մամուլում հրապարակումներին պատշաճ արձագանք չտալը հանցավոր անգործություն է: Ըստ նրա` դպրոցի տնօրենների փաստով դատախազությունը պետք է գործ հարուցեր, մեղադրանք առաջադրվեր տնօրեններին, բայց ոչ մի բան չի արվել, ավելին` դատախազը ասում է, թե ծնողներին է հարցաքննել, որոնք ասել են, որ իրեց չեն վախեցրել:

«Դուք գնահատականներ տալու իրավունք չունեք»,- հայտարարեց Բիշարյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը զգուշացրեց, որ հարցադրումով մեկնաբանություններ կամ տեսակետներ չպետք է տան և հարց ու պատասխանը ելույթների համար չօգտագործեն:

Բիշարյանը հիմա էլ փորձեց մեկնաբանել Հարությունյանի դիտողությունը, սակայն ՍԴ նախագահը թույլ չտվեց` ասելով, որ բոլոր մեկնաբանությունները կարող է անել ելույթի ժամանակ:

Ի պատասխան Բիշարյանի հարցի, թե փորձե՞լ են այդ ենթադրյալ ընտրակեղծարարությունները ճշտել հանձնաժողովի անդամների, դիտորդների միջոցով, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ հավատում է տեսանյութում իր աչքով տեսածին:

Տեսանյութեր

Լրահոս