Բաժիններ՝

Մակրոնը հաղթեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը: Հանրապետության ներքին գործերի նախարարության այս տվյալները ներկայացրել է Reuters գործակալությունը։

«Ազգային ճակատի» նախագահ Մարին լե Պենն ստացել է ձայների 21,53 տոկոսը՝ դառնալով երկրորդ փուլ անցած երկրորդ թեկնածուն: Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը, չորրորդը՝ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ արմատական շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնն է, որի օգտին քվեարկել էընտրողների 19,64 տոկոսը:

Ապրիլի 24-­ին պաշտոնապես սկսվում է նախընտրական արշավի նոր փուլը, այժմ պայքարը կծավալվի Մակրոնի եւ լե Պենի միջեւ: Վճռորոշ քվեարկությունը, օրենքի համաձայն, կկայանա առաջին փուլից ուղիղ երկու շաբաթ անց՝ մայիսի 7-­ին: Դրա արդյունքներով կորոշվի Ֆրանսիայի 25-­րդ նախագահի անունը, որը Ելիսեյան պալատում փոխարինի Ֆրանսուա Օլանդին, ով հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել երկրորդ
հնգամյա ժամկետի համար:

Մակրոնը հաղթանակը տոնել է Փարիզի «Ռոտոնդա» հանրաճանաչ սրճարանում: Երիտասարդ քաղաքական գործչի հետ միասին հյուրերին դիմավորել է նրա տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին Twitter­-ի իր միկրոբլոգում նշել է ընտրություններում Մակրոնի արձանագրած հաջող արդյունքը՝ հավելելով, որ դա «մեր սերնդի հույսն է ու ապագան»:

Ինչպես հայտնել է BFMTV հեռուստաալիքը, նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզում սկսված ցույցերի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել ակցիաների երկու մասնակիցներ:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների ֆոնին իենի նկատմամբ եվրոյի փոխարժեքը զգալի աճ է արձանագրել՝ ամրապնդվելով 2,23 տոկոսով եւ հասնելով 119.69­119,73 իենի նշագծին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս