Տուրիզմ. Երազանքի ու իրականության արանքում
2017թ. առաջին եռամսյակում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 18.2%-ով: Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այցելությունների թիվը Հայաստան աճել է 18,2%-ով, այսինքն՝ 599 հազար 341 այցելու (2016թ. առաջին եռամսյակին կազմել է 498 հազար 291): Հիմնական աճն ապահովել է Իրանի շուկան՝ 17,7%, ՌԴ-ի շուկան՝ 7,5%, առաջին հնգյակը գլխավորում են Չինաստանը, Գերմանիան և Ֆրանսիան՝ ավելի ցածր տոկոսներով»,- ասել էր նա:
Սա նորություն չէ, այս մասին արդեն գրել են գրեթե բոլոր ԶԼՄ-ները։
Այս թվերը հիշեցրինք, որպեսզի միասին փորձենք հասկանալ՝ պե՞տք է ոգևորվել դրանցով, թե՞ ոչ այնքան։ Արդյո՞ք նախորդ տարվա 5.7% աճն ու այս տարվա առաջին եռամսյակի 18%-անոց աճը բավարար է՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Սակայն մինչ առաջ անցնելը հակիրճ վերհիշենք նախորդ մի քանի ամիսների անցուդարձը։ Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին քայլերից մեկը եղավ այն, որ Զբոսաշրջության վարչությունն առանձնացվեց Էկոնոմիկայի նախարարությունից և ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե։ Կոմիտեի նախագահ նշանակվեց Զարմինե Զեյթունցյանը։
Վարչապետը նորաստեղծ կառույցի և այդ կառույցի նոր ղեկավարի հարցում բավականին լավատես էր և համոզված, որ այն կարճ ժամանակահատվածում լուրջ քայլեր կիրականացնի՝ երկրի ճանաչելիության բարձրացման և տուրիստների ներհոսքի ներգրավման հարցում։ Կ. Կարապետյանը Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարեց մշակել զբոսաշրջության զարգացման հայեցակարգը և 2017թ. ծրագիրը։ «Ծրագիրը ներկայացնելիս ուզում ենք տեսնել ձեր երազանքը»,- ասաց վարչապետը:
Բոլորը սպասում էին արագ և համարձակ քայլերի, սակայն տևական ժամանակ լռություն էր։ Մարդիկ, սակայն, ըմբռնումով էին մոտենում՝ հասկանալով, որ լուրջ հայեցակարգ ու ծրագիր մշակելու համար ժամանակ է պետք։ Իր նշանակումից մոտ 4 ամիս անց՝ 2017թ. փետրվարի 10-ին, Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն մշակել և կառավարությանը ներկայացրել են զբոսաշրջության զարգացման 2017-2020թթ. հայեցակարգը և 2017թ. ծրագրերը: Նա հատուկ ընդգծեց, որ իրենց ոգևորել է վարչապետ Կ.Կարապետյանի խոսքը. «Մեր ծրագրում մենք փորձել ենք ներկայացնել մեր երազանքը»:
Անկեղծ ասած՝ ծրագիրն ու հայեցակարգը չենք ուսումնասիրել։ Սակայն դրա փոխարեն ուսումնասիրել ենք փաստացի ցուցանիշները, և ոչ միայն՝ մեր։
Զբոսաշրջության հաջողությունը չափելու ամենաճիշտ ձևը համեմատությունն է։ Մեր դեպքում՝ համեմատվելու օբյեկտը Վրաստանն է։ Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ Վրաստանի հետ մրցակցությունը՝ զբոսաշրջության հարցում, վերջին տարիներին տանուլ ենք տվել։ Ընդ որում, պատճառը միայն ծովը չէ, քանի որ Վրաստանի տուրիստական բումը սկսվեց 2000-ականների կեսերից, իսկ ծովը մինչ այդ էլ կար։
Բերված գծապատկերներում ներկայացված է Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջային վիճակագրությունը։ Ինչպես տեսնում եք 1-ին գծապատկերում, Վրաստանը 2016թ. ունեցել է ավելի քան 6.3 մլն զբոսաշրջիկ, Հայաստանը՝ 1.3 միլիոնից քիչ։ Նախորդ տարիների թվերն ինքնուրույն կարող եք համեմատել։
2-րդ գծապատկերում ներկայացված է զբոսաշրջիկների ներհոսքի աճը՝ նախորդ տարվա համեմատ։ Այսինքն, սա ցույց է տալիս դինամիկան։
Ինչպես տեսնում եք, վերջին տարիներին միայն 2014թ. է ՀՀ-ի զբոսաշրջիկների աճի տեմպն ավելի բարձր եղել (11.1%), քան Վրաստանում (-2.3% անկում)։
Մնացած տարիներին Վրաստանի աճի տեմպն ավելի բարձր է եղել, քան ՀՀ-ում։ Այդ միտումը շարունակվել է նաև 2016թ. ՀՀ-ում զբոսաշրջությունն աճել է 5.7%-ով, Վրաստանում՝ 7.6%-ով։ Վերջին 10 տարիների կտրվածքով՝ Վրաստանում զբոսաշրջիկների ներհոսքն ավելացել է միջինը 21%-ով, Հայաստանում՝ 13%-ով։ Եթե այս տեմպերն առաջիկա տարիներին պահպանվեն, ապա Վրաստանի առավելությունն ավելի ակնհայտ է դառնալու։ Վրաստանից ետ չմնալու համար Հայաստանի զբոսաշրջության աճի տեմպը պիտի ավելի բարձր լինի, քան Վրաստանում։
Մենք անգամ մի փոքրիկ կոպիտ հաշվարկ ենք արել։ Եթե Վրաստանի զբոսաշրջության աճի տեմպը դանդաղի մինչև 5%, իսկ Հայաստան այցելողների աճի տեմպն արագանա և կազմի տարեկան 25%, ապա միայն 9 տարի հետո Հայաստան և Վրաստան այցելող զբոսաշրջիկների քանակները կհավասարվեն։ Սա նշանակում է, որ անգամ 18%-անոց աճը Հայաստանին բավարար չէ, եթե մեր առավելագույն երազանքը Վրաստանի կեսի չափ զբոսաշրջիկ ունենալը չէ։
Կհաջողվի՞ արդյոք Զբոսաշրջության կոմիտեին զբոսաշրջության երկնիշ աճ ապահովել, դժվար է ասել։ Ամեն դեպքում, այս տարվա առաջին եռամսյակում գրանցված 18%-անոց աճը նոր հայեցակարգով և նոր ծրագրով չի կարելի պայմանավորել. այն նախկինից եկող իներցիոն բնույթի աճ է՝ պայմանավորված հիմնականում իրանական տուրիզմով (ինչը ՀՀ զբոսաշրջային քաղաքականության հետ շատ քիչ կապ ունի)։
Մի նկատառում ևս, որի հետ ոմանք կարող են չհամաձայնել։ Տուրիզմը, ինչպես նշեցինք, մրցակցություն է երկրների միջև։ Մրցակցության մեջ հաղթելու հարցում կարևոր է ճիշտ մարքետինգն ու անսպասելի լուծումները։ Իսկ արդյունավետ մարքետինգային քայլերը, որպես կանոն, գաղտնի են մշակվում։ Սպառողն այդ մասին իմանում է, երբ մարքետինգային հնարքը կիրառված է և արդեն տվել է իր արդյունքը (կամ չի տվել)։
Այսինքն, երբ մենք հայտարարում ենք, որ ծրագիր ենք մշակում, կամ՝ հոլովակ ենք նկարելու Հայաստանի մասին, կամ՝ իրանցիների համար հատուկ ծառայություններ ենք առաջարկելու, դա ոչ միայն անիմաստ է, այլև թուլացնում է էֆեկտը։ Ավելի ճիշտ կլինի չխոսել, չհայտարարել և մեզ մատուցել արդյունքը։
Նաև կարիք չկա հատուկ ասուլիսներ հրավիրել՝ զբոսաշրջիկների թվերը և աճի տեմպը ներկայացնելու համար։ Նախ՝ դրանից զբոսաշրջությունը չի աճում, երկրորդ՝ հետաքրքրվողներն այդ թվերը կարող են նաև ինտերնետով գտնել։ Փոխարենը՝ ավելի լավ կլիներ, եթե մշակվեր ու գործարկվեր զբոսաշրջության վիճակագրությունը նորմալ ներկայացնող հարթակ, որտեղ հստակ կերևար՝ այս ամիս քանի հոգի այցելեցին, որ երկրներից, ինչ եղանակով, որքան տևողությամբ, և այլն։
Վերջում հիշեցնենք մի քանի շաբաթ առաջ ամբողջ աշխարհում իրարանցում առաջացրած այն հոլովակը, որտեղ Վրաստանի վարչապետը դիմավորում էր երկիր այցելած 6 միլիոներորդ զբոսաշրջիկին։ Բնականաբար, ոչ ոք չէր հայտարարել, որ այդպիսի բան են անելու, սակայն անելուց հետո բոլորն իմացան։
Կարճ ասած, հիմա երազելու ժամանակը չէ, գործելու ժամանակն է՝ անաղմուկ և արդյունավետ։