Բաժիններ՝

Թուրքիայում շարունակվում են բազմահազարանոց հանրահավաքները

Թուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17­-ի երեկոյան: Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Էսքիշեհիրում:

Ցուցարարները հատկապես իրենց բողոքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիք չունեցող քվեները: Նրանք պահել են պաստառներ` «Ոչ, մենք ենք հաղթելու» գրությամբ` պահանջելով չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները:

Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տեղեկություններով` Իզմիրում և Անթալիայում կազմակերպված ցույցերի ժամանակ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:

Թուրքիայում ապրիլի 16-­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»­ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»­ի օգտին խախտման արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս