Կապիտալի շուկան՝ զարգացման նոր ուղեծրում
Երկարաժամկետ կայուն տնտեսական աճի կարևոր գործիքներից մեկը կապիտալի շուկայի զարգացումն է։ Այդ նպատակով կառավարությունը լուրջ փոփոխություններ է իրականացրել, և այս տարվա ապրիլի 25-ից պարտատոմսերի շուկան Կենտրոնական բանկից տեղափոխվում է «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսա։ Նախատեսվում է գանձապետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումն իրականացնել ժամանակակից ծրագրային լուծումներով և պարտքի կառավարման գործիքներով գործարքներ իրականացնելու հնարավորություններով օժտված առևտրային հարթակի միջոցով:
Պարտատոմսերով գործարքները կիրականացվեն (T+n) սկզբունքով` հետաձգելով գործարքի իրականացման օրն աճուրդի օրից, ինչը պետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները:
Գրեթե 1 տարի առաջ փոխվել է պետական պարտատոմսերի գրանցման համարների շնորհման կարգը և կիրառվում է աշխարհում ընդունված գրանցման համակարգը, որը հասկանալի է նաև արտաքին ներդրողներին։ Առաջնային տեղաբաշխումը կիրականացվի մրցակցային առաջարկությունների հիման վրա, իսկ աճուրդի միջին կշռված եկամտաբերությամբ պարտատոմսեր կվաճառվեն միայն աճուրդի ժամանակ պարտատոմս գնած գործակալներին ու մանրածախ վաճառքի գանձապետական պահառու համակարգի ներդրողներին:
Առցանց համակարգով գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի վաճառքի կազմակերպումը կնպաստի մանրածախ վաճառքի ներդրողների շրջանակի ընդլայնմանը, ներդրման ծավալների ավելացմանը: ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն էլեկտրոնային այս համակարգի ներդրումը համեմատում է թթվածնի բալոնի հետ, և, եթե այսօր գանձապետական պահառուի համակարգի ներդրողների կազմում մինչև 30 տարեկանները բոլոր ներդրողների 8.5%-ն են, մինչև 45 տարեկանները՝ 23%, 46-60 տարեկանները՝ 30%, 60 տարեկանները՝ 35%, ապա նոր համակարգի արդյունքում 1 տարի անց այս կառուցվածքը փոխված է լինելու, և գերակշռելու են առաջին 2 խմբերը։ Փոփոխությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Ա.Մարգարյանին։
– Պարոն Մարգարյան, նախընտրական շրջանում տարբեր ուժեր խոստանում էին միլիոնավոր ներդրումներ ներգրավել, իսկ որոշ տնտեսագետներ գտնում են, որ առաջին և ամենամեծ ներդրողը ժողովուրդն է։ Կապիտալի շուկայի այս փոփոխություններն ինչքանո՞վ կնպաստեն, որպեսզի ՀՀ քաղաքացիները մասնակցեն շուկային։
– Մեր պարտքի ներգրավման նպատակներից մեկը, որը պակաս կարևոր չի, քան դեֆիցիտի ֆինանսավորումը, ֆինանսական շուկայում փարոսի դեր կատարելն է, որովհետև խաղի բոլոր մանակիցներին պետք է որևէ բան, որ բոլորը վստահում են և ընդունում են` որպես հիմք։ Դա սովորաբար լինում է պետական պարտատոմսերի եկամտաբերությունը համապատասխան ժամկետայնությամբ։ Դու ուզում ես Հայաստանում ինչ-որ ներդրումներ անել, քեզ հետաքրքիր է՝ ի՞նչ եկամուտ կստանաս դրանից, առաջին տեղը, որ նայում ես, այդ ժամկետայնության պետական պարտատոմսերի եկամտաբերությունն է։
Սովորաբար ասում են՝ եթե այսքանից ցածր լինի, չենք գա։ Մենք էլ դրա համար ուզում ենք այդ տոկոսներն իջեցնենք, որ ավելի ցածր տոկոսով փողերը գան այստեղ, կամ իրենք ավելի ցածր հավակնությունnերով գան այստեղ, քանի որ կարող է՝ ուղղակի ներդրում է, և ոչ թե պարտքով փող է բերում, այլ Հայաստանում գործարան է կառուցում։ Եթե այդ գործարանի տարեկան եկամատաբերությունը համապատասխանելու է մեր պարտատոմսերի տարեկան եկամտաբերությանը, պարզ է, չէ՞, որ մենք կուզենանք՝ այդ տոկոսները ցածր լինեն, որ ներդրողը հեշտ աշխատի և գա։ Դա շատ կարևոր է։
Կապիտալի շուկան զարգացնելու համար միայն ցանկությունը բավարար չէ։ Դու պետք է միջավայր ստեղծես, որպեսզի կապիտալի շուկայի բոլոր մասնակիցների համար հասկանալի լինի, և իրենք գան ու սկսեն խաղալ։
– Այսօր կապիտալի շուկայի մասնակիցների հիմնական մասը բանկերն են, որոշ չափով, նաև ապահովագրական ընկերությունները, իսկ քաղաքացիներն ակտի՞վ են, այս պահին որքա՞ն են կազմում։
– Ոչ, չի կարելի ասել՝ ակտիվ են։ Գանձապետական պահառուի համակարգում մոտ 4 մլրդ դրամ կա, որի տերերը մոտ 200 հոգի են և գումարը ներդրել են 3 տարով։ Համեմատության համար ասեմ, որ բանկային համակարգում ժամկետային ավանդները նախ՝ 1 տարուց ավելի չեն դնում, և դրա մոտավոր գումարն էլ լինում է 2 անգամ պակաս, քան մեզ մոտ։ Չնայած մեր տոկոսները բանկային համակարգի ավանդների տոկոսներից բարձր չեն։
– Վստահությո՞ւնն է բարձր։
– Այո, մարդիկ չեն հավատում բանկերին, գերադասում են պետությանը տալ իրենց խնայողությունները։ Իսկ պետության նկատմամբ հավատն ինձ համար չափվում է այդ մարդկանց թվով։
– Համակարգում փոփոխություններից հետո ի՞նչ ակնկալիքներ ունեք, այդ քաղաքացիների թիվն ինչքանո՞վ կավելանա։
– Ես ակնկալում եմ, որ ամսի 26-ին դուք կգնեք պարտատոմսեր։
– Իսկ մեր հասարակության գիտակցությունը, ֆինանսական կրթությունը բավարա՞ր են այդպիսի բումի համար։
– Մեր հասարակության մասին պետք չէ վատ կարծիք ունենալ։ Ես իմ 3 երեխաներից ոչ մեկի արածները չեմ հասկանում, չնայած համարվում եմ առաջադեմ մարդ։ Մեր երիտասարդները շատ առաջ գնացած մարդիկ են, միակ տարբերությունը մեզնից իրենց գործիքակազմի ավելի ժամանակակից ու որակով լինելն է՝ համակարգիչներ, բանկային փոքր սարքեր ունեն, փոխանցումներ են կատարում, որ ես չեմ կարող։
– 1-2 տարի առաջ լուրեր շրջանառվեցին, որ «Նասդաք ՕԷՄԷՔՍ»-ը մտադիր է հեռանալ Հայաստանից, բայց այսօր այն շարունակում է աշխատել մեր երկրում։ Ի՞նչ իրավիճակ է։
– Գիտեք, ինձ այդքան շատ չի հետաքրքրում, թե ովքեր են հեռանում Հայաստանից, ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ ովքեր են գալիս Հայաստան։ Եթե «Նասդաք ՕԷՄԷՔՍ»-ը մնա, հրաշալի է, եթե գնա, ուրեմն իր հետաքրքրությունները չեն բավարարվել։ Բայց հիմա մեզ հետ համագործակցում են, և դեռ, բացի տեխնիկական բանավեճերից, սկզբունքային որևէ հարցում անհամաձայնություններ չեն եղել։
– «Նասդաքի» ներկայությունը Հայաստանում ի՞նչ է նշանակում արտաքին ներդրողների համար։
– «Նասդաքը» հեղինակավոր է, և նրա ներկայությունը կարևոր է, այսինքն՝ այն գործոններից մեկն է, որ կավելացնի արտաքին ներդրողների վստահությունը մեր նկատմամբ։ Այստեղ մատուցվող ծառայությունների որակն ու ծավալն է ավելի կարևոր։ ԿԲ-ն մեզ համար չէր անում այն, ինչ մենք ուզում էինք։ Մեր երկրի ԿԲ-ն պակաս հեղինակավոր չէ, բայց մենք «Նասդաք» ենք տեղափոխվում ավելի լայն հնարավորությունների համար։ Օրինակ՝ մեր ԿԲ-ն փոխանակման աճուրդ չի անում, «Նասդաքն» անում է, ԿԲ-ն (T+n) սկզբունքով աճուրդ չի անում, «Նասդաքն» անում է, և այլն։