Ի՞նչ փոփոխություններ են արվել ներքին պարտքի շուկայում. Պարզաբանում է Արշալույս Մարգարյանը
ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի ներքին պարտքի շուկայի վերջին զարգացումները։ Ըստ նրա՝ ներքին պետական պարտքի շուկան շատ ավելի պակաս ռիսկային է, և այն հիմնական կողմնորոշիչն է կապիտալի շուկայի: «Եթե չկա ներքին պարտքի շուկա, դժվար է ակնկալել, որ երկիրը երբևէ կունենա կապիտալի զարգացած շուկա,- ասաց Ա. Մարգարյանը՝ նշելով, որ 1995 թ. զրոյական վիճակից սկսել են ստեղծել այդ շուկան,- Երեկ կառավարության նիստում հաստատվեց որոշումների մի փաթեթ, որը շրջում է մեր կյանքի էջը և նոր էջ է բացում»:
Ա. Մարգարյանի խոսքով՝ մինչ օրս ներքին պարտքի խնդիրները լուծվել են Կենտրոնական բանկի հետ, իսկ ապրիլի 25-ից պարտքի կառավարման հարթակը տեղափոխվում է «Նասդաք ՕԷՄԷՔՍ» բորսա։ Նրա բնորոշմամբ՝ իրենք արտակարգ ռեժիմի մեջ են բավականին երկար ժամանակ: Ա. Մարգարյանը 2 կարևոր հանգամանք նշեց` աճուրդները տեղափոխվում են «Նասդաք», քանի որ այդ հարթակում ավելի լայն հնարավորություներ են ստանում մտահղացումներն իրականացնելու և ավելի հասանելի ու տեսանելի են դառնում բոլոր արտաքին շուկաների համար, և գրեթե 1 տարի առաջ փոխվել է պետական պարտատոմսերի գրանցման համարների շնորհման կարգը։ Ա. Մարգարյանի խոսքով՝ եթե նախկինում դրանք հասկանալի էին միայն ներքին մասնակիցներին, արտաքին մասնակիցներին` ոչ, ապա փոփոխությունից հետո կիրառվում է աշխարհում ընդունված գրանցման համակարգը, և պարտատոմսերի գրանցման համարները հասկանալի են դարձել բոլորին:
Բանախոսի կարծիքով՝ «Նասդաք» տեղափոխվելը 2 կարևորագույն խնդիր է լուծում` աճուրդների իրականացման համակարգն է փոխվել, երբ գնորդը կարող է պարտատոմս ձեռք բերել և N օրերի ընթացքում գումարը փոխանցել թողարկողին, և ոչ մրցակցային պարտատոմսերի իրացման կարգն է փոխվել, մասնավորապես՝ դրանք կիրացվեն աճուրդի հաջորդ օրն այն մասնակիցներին, որոնք նախորդ օրը մրցակցային գնով պարտատոմս են ձեռք բերել:
Բորսայի հետ նաև կա նախնական պայմանավորվածություն, որ կբարելավեն նաև գործիքակազմը և, բացի պարտատոմսերի գնման ու հետգնման գործարքներից, կկիրառվի նաև փոխանակում: Ա. Մարգարյանը նկատեց, որ, թեև հարևանների համեմատ՝ ՀՀ-ն ուշացումով է մտել այս գործընթացի մեջ, սակայն հիմա վայելում է արված աշխատանքի պտուղները, իսկ մոտ և հեռու հարևանները շատ ժամանակ հայկական փորձն են ուսումնասիրում:
Վարչության պետը նշեց, որ, օրինակ, ՖՆ Պետական պարտքի վարչության կազմում կա գանձապետական պահառու, որի նման կառույց հետխորհրդային տարածքում չկա։ Եվ, ըստ նրա, եթե ֆիզիկական անձանց պետական պարտատոմս վաճառելու համար նախարարության աշխատակիցները նստում էին բանկերում և հայտեր ընդունում, ապա «Նասդաքի» հետ համագործակցության շրջանակներում նաև ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, և քաղաքացիները կկարողանան տնից համացանցով ձեռք բերել պարտատոմսեր 24 ժամ ռեժիմով.
«Սա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մեր ներքին խնայողությունները միշտ էլ եղել են բավարար բյուջեի պակսուրդը բավարարելու համար: Բայց դրա համար պետք է վստահություն և տեխնիկական հնարավորություններ»: