Բաժիններ՝

Փաստաբանների խուզարկություն, կալանավորում, անձնագիր վերցնելու պրակտիկա. Արման Թաթոյանը ներկայացնում է ՄԻՊ տարեկան հրապարակումը

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տարեկան հաղորդման մեջ կարմիր թելի նման անցնում է այն գիծը, որ ՀՀ-ում խնդիր կա՝ համակարգային առումով լուծելու ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով տարեկան հրապարակումը։

«Պետք է բացառել, այսպես կոչված, հրավիրելու ինստիտուտը, երբ մարդիկ «հրավիրվում են» Ոստիկանության բաժիններ կամ ազատությունից զրկման որևէ այլ վայր, և այդ անվան տակ չեն ապահովվում նրանց երաշխիքները։ Ազատությունից զրկման սկզբնական պահը պետք է համարել ցանկացած այնպիսի իրավիճակ, երբ անձը զրկված է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից և ստիպված է հետևել ոստիկանի կամ իրավապահ որևէ այլ մարմնի աշխատակցի կամքին։

Հետևաբար՝ այդ պահից սկսած պետք է առաջ գան իրավունքներ՝ անկախ նրանից՝ ինչ վարույթի տեսակ է իրականացվում՝ վարչական, քրեական, ընդհանրապես կա վարույթ, թե չկա, անկախ նրանից՝ ինչ կարգավիճակ ունի անձը՝ կասկածյալ է, մեղադրյալ, բերման ենթարկված։ Դա որևէ նշանակություն չունի։ Անձը զրկված է ազատությունից, հետևաբար՝ պետք է ունենա իր նվազագույն իրավունքները»,- ասաց Արման Թաթոյանը՝ թվելով այդ իրավունքները, նշելով, որ անցյալ տարվա պրակտիկան ցույց էր տալիս, որ ազատությունից զրկման ժամանակ հիմքերի պարզաբանման առումով անհատական մոտեցում չկա. մասնավորապես ազատությունից զրկման յուրաքանչյուր դեպք անհատական է, և պետք է ամեն անգամ անձին ներկայացվեն հիմքերը։

Սակայն, ըստ նրա, արձանագրվել են դեպքեր, երբ պարզապես հղում է արվել լրատվական ծառայությանը, և անձինք բերման են ենթարկվել։ ՄԻՊ-ի խոսքով՝ առաջարկում են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացնել նոր մասով, որը պատասխանատվություն կնախատեսի փաստաբանին ազատությունից զրկման վայր մուտքն արգելելու համար։ Արման Թաթոյանն անդրադարձավ փաստաբանների խուզարկության հարցին, որը մեծ հնչեղություն էր ստացել։

«Օրենքը կատեգորիկ արգելում է փաստաբանի կողմից իր անմիջական պարտականությունները կատարելու ընթացքում խուզարկելը»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ Արդարադատության նախարարության հրապարակային պարզաբանումն իրեն չի գոհացնում, քանի որ նախարարությունն ամեն դեպքում պետք է քննություն իրականացներ՝ պարզելու համար խոչընդոտների հնարավոր դեպքերը.

«Իհարկե, չափանիշները, որոնք դրվել էին, կարևոր էին, բայց դա բավարար չէ, որովհետև անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, ենթաօրենսդրական փոփոխություններ, որովհետև հիմա հակասություն կա «Փաստաբանության մասին» օրենքի և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի միջև»,- ասաց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը նշեց՝ կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց, Հայաստանում պետք է արմատավորված լինի ազատության կանխավարկածի գաղափարը.

«Մեր ուսումնասիրությունները, մանրամասն վերլուծություններն ինձ հնարավորություն են տալիս մի հետևություն անել, որ Հայաստանում գործում է կալանքի միջնորդությունների բավարարման բավական բարձր շեմ, անթույլատրելի բարձր շեմ։ Ճիշտ է՝ վարույթն իրականացնող մարմինների կողմից միջնորդությունների ներկայացման առումով նվազման միտում կա, ինչը շատ չէ, բայց այդ միջնորդությունների թվի 90 տոկոսից ավելին բավարարվում է դատարանների կողմից։

Սա բերում է այն հետևության, որ դատարանների կողմից կալանքի կիրառման հիմնավորվածության կանխավարկածն է կիրառվում, այսինքն՝ գործում է բոլորովին հակառակ սկզբունքը, և մենք այսօր չունենք կալանքը բացառիկ դեպքերում, այն էլ՝ որպես վերջին միջոց, կիրառելու կայուն պրակտիկա։ Դա գալիս է նաև օրենսդրական կարգավորումներից։

Այսօր, ցավոք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կառուցված է այն սկզբունքով, որ դրդում է, որ դատավորը կամ վարույթն իրականացնող մարմինը սկզբում փորձեն հասկանալ՝ կալանքը կիրառելի՞ է. Թե՞ ոչ, և հետո անդրադառնալ մյուս խափանման միջոցներին։ Իրականում պետք է հակառակը լինի»։

Արման Թաթոյանը հրատապ համարեց Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի ընդունումը. ըստ նրա՝ դրանում առկա են նոր լուծումներ, որոնք սկզբունքորեն կփոխեն իրավակիրառ պրակտիկան կալանքների առումով։ Նա հատկապես խնդրահարույց համարեց կալանքի կիրառման պրակտիկան առաջին ատյանի դատարանների կողմից։

«Չի կիրառվում կամ բավարար չի կիրառվում վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկան»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ մտահոգիչ է նաև կալանքի ժամկետի երկարացման հարցը։

Արման Թաթոյանը խոսեց նաև անձնագիր վերցնելու ոչ իրավաչափ պրակտիկայի մասին, որ կիրառում են քրեական հետապնդման մարմինները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է վկայից, տուժողից անձնագիր վերցնելու՝ հակասահմանադրական հիմքեր պարունակող պրակտիկային։ «Ես դիմել էի Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, գնահատականները տրվել են»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ հարակից անընդունելի պրակտիկա կա, երբ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգ գրություն է ուղարկվում, և թույլ չեն տալիս, օրինակ՝ վկայի ելքը ՀՀ-ից։

«Հատկապես քննչական մարմիններից պատճառաբանություն ունենք, թե քանի որ առկա են հիմքեր ենթադրելու, որ վկան կարող է փախուստի դիմել, և քանի որ կարող են առաջ գալ քրեական հետապնդման հիմքեր, ելքն արգելում ենք։ Սա այս սկզբունքի ճիշտ հակառակ գործածումն է։ Եթե քրեական հետապնդման հարց կա, այդ անձին պետք է սահմանված կարգով կարգավիճակ տալ»,- ասաց Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ մեծագույն խնդիրն այն է, որ անձը չի իմանում սրա մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս