Բաժիններ՝

«Եթե «Յանդեքս» տաքսի ծառայությունը վճարի հարկերը, 700, 600 դրամով ձեզ երբեք չի տեղափոխի»

«Արդեն որերորդ անգամ տաքսու լիցենզավորման կարգի փոփոխությունների հետ կապված՝ դաշտը մնում է բարձիթողի, և տարիներ շարունակ, քանի դեռ պետությունը մտածում է օրենքներ գրելու, հաստատելու, առաջին, երկրորդ, երրորդ ընթերցմամբ ընդունելու մասին, մինչև հասնում է լիցենզավորման նոր կարգը, վարորդների կամ տաքսի ծառայությունների այն մասը, ովքեր ընդունել են այդ իսկ օրվա օրենքը, օրինապաշտ են եղել, լիցենզավորվել ու օրինական դաշտում աշխատում, մուծում են հարկերը, մյուս մասը բարձիթողի վիճակում տաքսի է վարում՝ առանց որևէ կոպեկ վճարելու։ Մի խոսքով՝ գործում են անօրինական դաշտում, և ստեղծվում է շատ անհավասար մրցակցային դաշտ, և անարդար է ստացվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը՝ նշելով, որ վերջին ամիսներին այս իրավիճակից օգտվում են ոչ միայն մեր անփույթ, անպատասխանատու անհատ վարորդներն ու տաքսի ծառայություններ, այլև արտասահմանյան կազմակերպություն՝ «ի դեմս «Յանդեքս» տաքսի ծառայության»։

«Այն, չգիտես՝ ինչու, հերքում է, որ տաքսի ծառայություն է։ Իմիջիայլոց, շատ զավեշտալի է։ Հիշում եմ Վինի Թուխի հանրաճանաչ երգը, երբ մեղր գողանալիս ասում է՝ я тучка, тучка, я вовсе не медведь: Իրենք այսօր ռեալ տաքսի ծառայություն են իրականացնում, բայց հայտարարում են, որ ընդամենն ինտերնետ պրովայդեր են, ընդամենը հավելված են տրամադրում, բայց դա այդպես չէ։ Տաքսի ծառայությունը լիցենզավորվող և պետության կողմից խիստ վերահսկող գործունեություն է։ Ոչ միայն տաքսին, այլև նրա կահավորվածությունը, վարորդի պատրաստվածությունը, նրա բժշկական տվյալները, մեքենայի տեխնիկական վիճակը, բազմաթիվ այլ բաներ»,- ասաց Վահագն Սահակյանը։
Նրա խոսքով՝ երբ տնտեսվարող սուբյեկտներից մեկն օրինական դաշտում է գործում, հարկեր է վճարում, մյուս չի վճարում, ըմբոստություն է առաջանում. «Այն, որ ամիսներ շարունակ մարդիկ չեն վճարել 12 հազար դրամները (խոսքս անհատ վարորդների ամսական վճարի մասին է), որոշ մարդկանց մոտ բողոքի ձև է։ Իհարկե, ոչ բոլորի։ Մի մասն օգտվել են այդ իրավիճակից, բայց այս վիճակի առաջացման գործում պետության՝ հանձին Տրանսպորտի նախարարության, դերակատարումը մեծ է եղել, որովհետև ամիսներ շարունակ չեն հետևել դաշտին, ամիսներ շարունակ չեն տուգանել այն վարորդներին, ովքեր գործում են անօրինական դաշտում»։

Ըստ նրա՝ բազմաթիվ խախտումներով գործում է մեծ ընկերություն, որը ոչ մի հարկ չի վճարում պետությանը՝ հայտարարելով, որ տաքսի ծառայություն չէ, և անփույթ վարորդներին օգնում է աշխատել ստվերում, այստեղից էլ ծնվում է ըմբոստությունը։ Հարցին, թե ինչու է խոսում միայն մեկ ծառայության մասին, այն դեպքում, երբ նման ծառայություններ շատ կան, նա պատասխանեց, որ ոչ թե պաշտպանում է որոշակի ծառայությունների անօրինականությունները, այլ այստեղ պետության վերահսկողությունն է պակասում՝ գների, հաշվիչների, ազատ մրցակցության նկատմամբ։
«Ես որևէ բան չունեմ «Յանդեքսի» դեմ, բայց եթե այսօր «Յանդեքս» տաքսի ծառայությունը վճարի հարկերը, ինչպես բոլոր տաքսիները, այսինքն՝ ամսական մոտավորապես 30 հազար դրամ՝ ամեն մեքենայից, հավատացած եղեք՝ այդ 700, 600 դրամով ձեզ երբեք չի տեղափոխի»։ Նա առաջարկեց, որ բոլորը գան օրինական դաշտ, վճարեն նույն հարկերը և աշխատեն հավասար պայմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս