«Հանցագործության հատկանիշներ պարունակող գործերով ահազանգերն ուղղակի անտեսվել են». Հերիքնազ Տիգրանյան
Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա ընդհանուր պատկերը պարզ ցույց են տալիս «Քաղաքացի դիտորդ» կայքում արձանագրված ահազանգերը։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Հերիքնազ Տիգրանյանը, դրանց մեջ արձանագրվել են այնպիսի դեպքեր, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ, օրինակ՝ կրկնաքվեարկության փորձ, նույն անձի կողմից 2-րդ անգամ գրանցվելու կամ քվեարկելու փորձ, կամ ընտրողների ուղղորդումներ տեղամասում կամ տեղամասից դուրս, կամ ընտրողների ազատ կամքի վրա ուղղակի ազդեցություն, այսինքն՝ այնպիսի արարքներ, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքով։
«Չեմ կարող ասել՝ դրանք որ տոկոսն են կազմում, բայց այդ ահազանգերն ամբողջն արտացոլված են ընդհանուր պատկերը տալու համար։ Մինչդեռ քվեարկության հաջորդ օրերին կոնկրետ մեր ահազանգերի հետ կապված իրավապահ մարմինների գործողությունները դիտարկելիս՝ երևում է, որ հիմնականում այն դեպքերում, որտեղ նկարագրված միջադեպում առերևույթ հանցագործության հատկանիշներ չկան, Դատախազությունը նյութերն ուղարկում է Ոստիկանություն կամ Քննչական կոմիտե։ Վերջիններս բացատրություն վերցնելու կամ լրացուցիչ նյութեր տրամադրելու մասին գրություններ են ուղարկում մեր կազմակերպությանը, և որևէ անգամ այդ գրությունների մեջ չտեսանք իրական խախտում պարունակող կրկնաքվեարկության փորձի վերաբերյալ դեպք կամ քվեարկության գաղտնիության բացահայտման կամ վերահսկման դեպքով նյութերի նախապատրաստում, և տպավորությունն այնպիսին է, որ կարծես հատուկ առանձնացվել էին այն միջադեպերը կամ ահազանգերը, որոնք չեն պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ։
Պարզ է, որ հետագայում իրավապահ մարմինը կասի՝ նախապատրաստեցինք նյութեր, դրանցում չգտանք հանցագործության հատկանիշներ, չհարուցվեց քրգործ, կամ, եթե հարուցվել էր, քրգործը կարճվեց»,- ասաց Հ. Տիգրանյանը։
Թե զանգվածային լրատվամիջոցներում որքա՞ն են եղել խախտումների մասին դեպքերը, և իրավապահների կողմից հարուցված գործերը համապատասխանո՞ւմ են այդ քանակին, Հ. Տիգրանյանը միանշանակ չկարողացավ ասել. «Զուտ մեր կայքում արձանագրված խախտումների հետ կապված, կարծում եմ, որ հանցագործության հատկանիշներ պարունակող գործերով ահազանգերն ուղղակի անտեսվել են»։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները պնդում են որ արձանագրված խախտումներն էական նշանակություն չունեն և չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, Հ.Տիգրանյանը պատասխանեց, որ այդ արտահայտությունները ծանոթ են, դրանք ընտրությունից ընտրություն կրկնվում են. «Շատ զարմանալի կլիներ, եթե այս անգամ փոխեին իրենց հռետորաբանությունն ու ասեին՝ այո, եղել են խախտումներ և ազդել են ընտրությունների վրա։ Բնականաբար, պետք է ասեն՝ չեն ազդել, բնականաբար, հարուցված գործերի թիվը պետք է լինի քիչ, դատապարտումները լինեն քիչ, որպեսզի ակնհայտ լինի, որ 100 հազար ձայների մեջ այդ 1-2 դեպքն էական լինել չէր կարող։ Այսինքն՝ սկզբում արվում է հայտարարություն, հետո գործողությունները համապատասխանեցվում են հայտարարություններին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտրախախտումների դեպքերի առթիվ ապրիլի 11-ի դրությամբ հարուցվել է 15 քրեական գործ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի համաձայն՝ 15 քրեական գործերից 11-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված), 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)։ Նշված 15 քրեական գործերից 4-ը՝ 4 մեղադրյալների վերաբերյալ, ուղարկվել է դատարան, 1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: 10 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որոնցից 1-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում (4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված, 6-ը՝ ՀՀ ՔՕ 34-153-րդ հոդված):