Բաժիններ՝

Գերմանիայի կողմից Թուրքիային տնտեսական օգնության տրամադրումը բարդացել է

Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի` Թուրքիայում ձերբակալումից հետո այդ երկրին Գերմանիայի կողմից տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունները բարդացել են: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle­-ն, այս մասին կարծիք է հայտնել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը:

«Բանակցությունները լավ էին ընթանում, սակայն լրագրողը կալանավորվեց: Այս ամենն իրադրությունը վերին աստիճանի բարդացրեց»,­-նշել է նա:

Նախարարը մտահոգություն է հայտնել նաև ապրիլի 16-­ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ: Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-­ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27­-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս