«Այսօր տղաներն ասում են՝ 250 հոգի ամբողջ կյանքում Գոռին պարտական ենք». ասում է Արցախում զոհված Գոռ Կիրակոսյանի հայրը
«Մինչև բանակ գնալը Գոռս զբաղվում էր իր մասնագիտությամբ՝ ավտոփականագործությամբ, նաև՝ հողագործությամբ, սպորտով։ Նպատակներ շատ ուներ. քանի որ շատ ուժեղ արհեստավոր էր, ուզում էր իր սեփական արհեստանոցն ունենալ։ Սիրած աղջիկ ուներ, որը Վորոնեժում է գտնվում, ուզում էր գնալ այնտեղ, իր գործն այնտեղ շարունակել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 2016 թ. ապրիլին Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանի հայրը՝ Կարապետ Կիրակոսյանը։
Պարոն Կարապետն ապրիլյան պատերազմի օրերին արտերկրում է եղել, և որդու հետ վերջին անգամ հեռախոսազրույց ունեցել է ապրիլի 1-ին. «Ամսի 4-ին սկայպով ընտանիքիս հետ էի խոսում, այդ պահին Գոռս զանգահարեց, ու ես՝ սկայպով, ինքը՝ հեռախոսով, մի քանի բառ փոխանակել ենք։ Բայց երկար զրույց ունեցել ենք ամսի 1-ին։ Նա ոչինչ չէր ասում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է։ Այս տարվա ապրիլի 5-ին Գոռիս տարին էր, ընկերները եկել էին, բաներ էին պատմում, բայց Գոռս մեզ ոչինչ չէր ասել։ Մեծ ախպերս 80-ականների շարժմանը գնացել է, ազատամարտիկ է եղել, ու մենք իրար հետ էինք դրսում, և ամսի 1-ի լուրը լսելով՝ ուզում էինք գալ Հայաստան։ Բայց որ զանգեցինք, ասեց՝ ամեն ինչ խախանդ է, սովորականի նման դիվերսիա է եղել, բայց ոչ մի լուրջ բան չկա, մենք հանգստացանք, ասեցինք՝ լավ, զորամասում է, երևի ապահով է, քանի որ ապրիլի 1-ին իրենք պոստերից իջել էին զորամաս։ Բայց փաստորեն ամսի 1-ին երբ իջել են, երևի մի ժամ էլ չեն մնացել զորամասում, նորից բարձրացել են դիրքեր, բայց ինքը մեզ չէր ասել»։
Հայրը պատմում է, որ, երբ Գոռի ընկերներն այցելել են իրենց, ասել են, թե Գոռը կարծես գուշակում էր՝ ինչ է տեղի ունենալու. «Տղերքը պատմում էին, որ ամսի 4-ին պայմանավորվածություն են ունեցել, թե ով՝ որ ուղղությամբ գնա, ասում են՝ Գոռը վեր կացավ, ասաց՝ ոչ մեկդ էլ չեք գա, մնացեք չաստում, մեկ ա՝ ես մեռնելու եմ։ Այդքան բանն է ասել, ու ամսի 5-ին այդ պատմությունը եղել է։ Տղերքի ասելով՝ այդ օրը Գոռիս ոչ մեկը չի ասել, հրաման չի եղել, որ սնունդ, զենք տանի պոստեր, այդ օրը հրադադարի օրն է եղել, թուրք շունն ամենավերջին զինատեսակներով սկսել է ռմբակոծել։ Այդ օրը Գոռին ասել են՝ ոչ մեկս էլ չենք գնա, տղերքին որ մի օր սնունդ չտանենք, բան չի լինի։ Բայց Գոռս ասել է՝ ոչ, ես պետք է գնամ՝ տղերքին սնունդ տանեմ։ Ինքն իր հոժար կամքով գնացել է։ Հետը զամպատիլն է եղել ու մի զինվոր։
Գոռս ու զամպատիլը մեքենայի մեջ են եղել, այդ տղան՝ մեքենայի «կուզովում»։ Ճանապարհին ԱԹՍ է եկել մեքենայի հետևից, որին ճանապարհին կորցրել են։ Ապրանքը դատարկելուց հետո, երբ պետք է մեքենա նստեին, Գոռս ու Վլադիմիր Նարինյանը՝ դիրքի ավագը, մեքենայի ձախ կողմում են լինում, զամպատիլը՝ աջ, արկն անմիջապես ընկնում է Գոռի կողքը։ Գոռն ու Վլադիմիրը զոհվում են, զամպատիլը մահացու վիրավորում է ստանում, իսկ էդ երեխան էլ բեկորային վիրավորումներ է ստանում»։
Կարապետ Կիրակոսյանը նշում է, որ մինչև ապրիլյան պատերազմն էլ, առավոտյան երբ զանգել է Գոռին ու հարցրել, թե հաց կերե՚՞լ է, որդին սովորաբար բացասական պատասխան է տվել.
«Ես բարկանում էի, ասում էի՝ ամեն սնունդը քո ձեռքի տակ է, նորմալ սնվիր, բայց Գոռս ասում էր՝ պապ, տանեմ երեխեքիս կերակրեմ, նոր ես կուտեմ։ Գոռս շատ բարդ բնավորություն ուներ, այսինքն՝ ամեն մարդու չէր նվիրվում, եթե նվիրվեր, իր կյանքն էլ հետը կտար։ Չէր սիրում գլուխ գովել, իր արածը ցույց տալ, բայց որ մեկին նվիրվեր՝ կյանքը կտար, իր կյանքը կզոհեր այդ ընկերության համար, այդպես էլ եղել է, էլի։ Այսօր տղաներն ասում են՝ 250 հոգի ամբողջ կյանքում, քանի մենք կանք, Գոռին պարտական ենք»։
Նա նաև նշեց, որ, երբ ապրիլյան դեպքերից մեկ ամիս անց գնացել է Մատաղիս, իմացել է, որ Գոռը սիրված է եղել ոչ միայն զորամասում, այլ նաև ամբողջ գյուղում, քանի որ իր մասնագիտությամբ օգնել է նաև գյուղացիներին։
Կ. Կիրակոսյանը հավելեց. «Իմ հույսն ու հավատը իմ երեխեքն էին, որ պետք է գային՝ միանային ինձ, ու ամեն ինչ ստեղծեինք, բայց այսօրվա օրով մի թաք տղա է մնացել, կինս՝ հիվանդ, ես՝ հիվանդ։ Իմ տղան աշխատում է, 23 տարեկան է, բանակում ծառայել է։ Ես էլ դեռ հայրական տանն եմ ապրում, ու Աստված գիտի, թե այս վիճակում երբ կկարողանամ ստեղծել իմ սեփական անկյունը»։
Գոռ Կիրակոսյանի ընտանիքին օգնելու համար նրա մոր՝ Կիրակոսյան Գայանեի անունով «ՎՏԲ» բանկում բացվել է հաշվեհամար.
VTB
16 00 91 02 454 920 AMD
16 00 91 02 454 921 USD
16 00 91 02 454 922 EUR
16 00 91 02 454 923 RUR