«Եկավ, մեքենայի մեջ ինձ նորից համբուրեց, ասաց՝ մա՛մ, վերջին անգամ ես ինձ տեսնում». Պատմում է զոհված Գոռ Կիրակոսյանի մայրը
Արցախում զոհված Գոռ Կիրակոսյանն ընդամենն ամիսներ անց կավարտեր ծառայությունը։ Նա Զինված ուժեր զորակոչվել էր 2014թ. հուլիսի 7-ին, 2016թ. ապրիլի 5-ին զոհվել է։ Գոռի հետ վերջին անգամ ապրիլի 5-ին մայրն էր խոսել. ասել էր՝ ծառայակիցներին հաց է տանում։
«Երեխաներիս տանեմ, հաց հասցնեմ, ես երբ էլ լինի՝ կուտեմ»
Գոռի հայրը՝ Կարապետը, պատմում է, որ դեռևս փոքր տարիքից Գոռը սիրել է հորեղբոր գործը. մեքենաների վրա է աշխատել, ձգտում էր սովորել այդ արհեստը։ «Շատ խելոք, լռակյաց երեխա էր, չէր սիրում գլուխ գովել։ Իր խոսքին տեր տղա էր։ Ում նվիրվեր՝ ամբողջ հոգով սիրում էր նրան»,- ասում է Գոռի հայրը։
Նրա խոսքով՝ դպրոցն ավարտելուց հետո Գոռը սովորել է տեխնիկումում՝ ավտոփականագործության բաժնում. 1-ին կուրսում է եղել, երբ զորակոչվել է բանակ։ «Զորամասում էլ է այդ գործին եղել։ Դրա հետ մեկտեղ՝ հացի մեքենան էր վարում»,- ասում է Գոռի հայրը՝ նշելով, որ որդին բարձր տրամադրությամբ է բանակ զորակոչվել։ Գոռի հայրն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան.
«Մինչև բանակ գնալը՝ եկավ ինձ մոտ։ Անընդհատ ձգտում էր, ասում էր՝ պա՛պ, գնամ, որ ծառայեմ, ես պիտի ծառայեմ։ Շատ նվիրված էր ծառայությանը։ 21 ամիս ծառայել է, ոչ մի անգամ չի բողոքել։ Երբ զանգել, խոսել եմ տղայիս հետ, շատ ուրախ էր։ Ոչնչից չէր նեղվում»։ Գոռի հետ վերջին անգամ հայրը խոսել էր ապրիլի 1-ին։ «Ռուսաստանում շատ են խոսում պատերազմի մասին։ Զանգահարեցի տղայիս, ասացի՝ Գո՛ռ ջան, իրավիճակն ինչպե՞ս է, ուզում ենք գալ, քեզ հասնել։ Ինձ խաբեց, ասաց՝ պա՛պ, նորմալ է, ես զորամասում եմ, դիրքեր չեմ բարձրանում, իմ հերթափոխն ավարտվել է, ես զորամասում մեքենաներն եմ նորոգում»,- ասում է Գոռի հայրը։
Նրա խոսքով՝ որդու զոհվելու հանգամանքները նկարագրելիս՝ նշում են, որ զինվորներին հաց տանելիս՝ ետդարձի ճանապարհին է զոհվել։ «Մեզ հստակ ոչ մի բան չեն ասում»,- ասում է Գոռի հայրը՝ նշելով, որ մեծ որդու հետ Ռուսաստանում են եղել։ Ապրիլի 6-ին զանգահարել են Գոռի հորեղբորը, ասել, որ Գոռը վիրավոր է։ Այդ մասին տեղակացրել են Գոռի հորը, ու նրանք ճանապարհ են ընկել Հայաստան։ «Մոսկվայի օդանավակայանում տղաս բացեց facebook-ը։ Զոհվածների ցուցակի մեջ իմ որդու անունն էլ էր։ Այդտեղից մենք իմացանք, որ իմ տղան արդեն չկագ Էլ ոչինչ չենք կարող անել»,- պատմում է Գոռի հայրը։ Գոռը ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր իր սեփական արհեստանոցը բացել, զբաղվել իր սիրած գործով. «Ասում էր՝ պա՛պ ջան, կգամ, կհասնեմ քեզ, էլ չեմ թողնի՝ դու աշխատես, ես ու եղբայրս մեր գործին կլինենք, դու էլ՝ հողի գործերով, ոչ դուրս կգնաս, ոչ էլ։ Մի խոսքով՝ երազանքը կիսատ մնաց»։
Հայրը հիշում է՝ ինչ նոր տեխնիկա էլ գներ, Գոռը փոքր ժամանակ քանդում էր, ուսումնասիրում, նորից հավաքում։ «Ասում էր՝ պա՛պ, բա չիմանա՞մ՝ մեջն ինչ կա։ Հետաքրքրություն ուներ՝ լիներ մեքենա, հեռուստացույց, համակարգիչ, իր ձեռքի տակով պիտի անցներ։ Ասում էր՝ իմ արհեստն եմ սիրում։ Փոքր ժամանակ եղբորս գործիքները բերում, պահում էր։ Հորեղբայրն ասում էր՝ Գոռ, գործիքներս ո՞ւր են, ասում էր՝ տեղյակ չեմ։ Փնտրում էր, գտնում, զայրանում Գոռի վրա, Գոռն էլ ասում էր՝ հոպա՛ր, ես մեղք ունե՞մ, որ քեզ եմ քաշել, այդ արհեստը սիրում եմ։ Մինչև հիմա բոլոր գործիքները, որ իրեն են պատկանում, պահել ենք։ Չենք կարողանում համակերպվել այս մտքի հետ։ Քանի մոտենում են իր զորացրվելու օրերը, այնքան ցավ ենք ապրում։ Ես գիտեմ՝ ուր որ է, որդիս կգագ Մեկ ամսից ինքն արդեն պետք է տուն գար։ Ամբողջ կյանքներս պիտի սպասենք»,- ասում է Գոռի հայրը։ Նրա խոսքով՝ երբ Գոռին հարցնում էր՝ հաց կերե՞լ ես, Գոռը պատախանում էր. «Երեխաներիս տանեմ, հաց հասցնեմ, ես երբ էլ լինի՝ կուտեմ»։
«Մա՛մ, բան չի մնացել, մի՛ վախեցիր, ես տուն եմ գալու»
Գոռի մայրը՝ տիկին Գայանեն, պատմում է, որ որդին բնավորությամբ հանգիստ, լուռ. խելացի էր։
«Չէր ուզում որևէ ավելորդ բանով զբաղվել։ Դեռ փոքր ժամանակվանից գիտեր իր արհեստը, իր գործը. սիրում էր վերանորոգել մեքենաները։ Ավելորդ բաներ չէր սիրում։ Կարծես իր տարիքից ավելի մեծ լիներ։ Իրենից ոչ մի ավելորդություն չեմ տեսել փոքր ժամանակվանից։ Մեզ բացարձակ նեղություն չի տվել։ Հանգիստ, լուրջ երեխա էր։ 12 տարի սովորել է դպրոցում։ Ես դպրոցում եմ աշխատել, չի եղել մի դեպք, երբ ուսուցիչներից որևէ մեկն ինձ Գոռի մասին, դրականից բացի, այլ բան ասի։ Ճիշտ է՝ սովորելուց մի փոքր թույլ էր, բայց իր վարքով այդ ամենը ծածկում էր։ Իր ուսուցչուհին ասում էր՝ Գոռի բնավորությունն ինձ հերիք է, իր համեստությունն ամեն ինչ ծածկում է»։
Գոռի մայրը 24 տարի աշխատում է Արևիկի միջնակարգ դպրոցում՝ որպես երգեցողության ուսուցչուհի, դասավանդել է նաև իր որդիներին. «Ես դպրոցում էի, բայց Գոռը չէր սիրում օգտվել առիթից. ինչպես մյուս երեխաները, այնպես էլ՝ ինքը։ Սիրում էր երգել։ Եթե ճիշտն ասեմ՝ ձայն չուներ, բայց ուզում էր երգել։ 12-րդ դասարանն ավարտելիս՝ մոտեցավ ինձ, ասաց՝ մա՛մ, ուզում եմ երգել։ Ասացի՝ Գո՛ռ ջան, ախր դու այն ձայնը չունես, որ երգես։ Ասաց՝ մա՛մ, ուզում եմ, սովորեցրո՛ւ, որ երգեմ։ Երգեց։ Հպարտանում էի իմ որդով, ուրախանում»։
Մայրը պատմում է, որ Գոռի ծառայությունը լավ է անցել, Գոռն ամեն ինչից գոհ է եղել։ «Ոչ մի վատ բան չեմ լսել իրենից։ Ամեն խոսքը դրական էր։ Շատ ուրախ էր, ծառայությունը շատ լավ էր անցնում։ Ամեն օր խոսելիս՝ մի նորություն էր պատմում՝ սա եմ արել, խրախուսել են, հարգում են ինձ, սիրում։ Այդ զորամասում հարգված երեխա է եղել։ Հացի մեքենան էր վարում, բայց օգտագործում էր նաև իր արհեստը։ Պիտանի մարդ էր զորամասում։ Ամեն անգամ զանգելիս ուրախ էր լինում»,- ասում է Գոռի մայրը՝ հիշելով, որ վերջին անգամ Գոռին 9 ամիս առաջ է տեսել, երբ վերջինս արձակուրդ էր եկել։
«Ավագ որդուս հետ ճանապարհեցինք։ Հայրը Ռուսաստանում էր։ Համբուրեցի, ճանապարհեցի։ Մեքենայի մեջ նստած էի, եկավ, մեքենայի մեջ ինձ նորից համբուրեց, ասաց՝ մա՛մ, վերջին անգամ ես ինձ տեսնում։ Ասացի՝ Գո՛ռ ջան, ինչո՞ւ ես նման բան ասում։ Ասաց՝ չգիտեմ, մա՛մ, իմ մտքով այդպես է անցնում։ Ճանապարհեցինք երեխուն, ետ եկանք, ու ես անընդհատ, ամեն րոպե մտածում էի՝ ինչո՞ւ այդպիսի բան ասաց։ Ես գիտեմ, որ Գոռի ծառայությունը լավ է, երևի իր սրտի ձայնն էրգ Այդ բառերն ինձ 9 ամիս առաջ է ասել։ Ես ամեն րոպե մտածում էի՝ ինչի՞ համար պիտի Գոռն ինձ նման բան ասեր։ Տուն եկա, ինքն արդեն տեղ էր հասել։ Զանգեցի, հարցրի՝ Գո՛ռ ջան, ինչո՞ւ ինձ նման բան ասացիր։ Ասաց՝ մա՛մ, պարզապես, մտքովս այդպես անցավ»,- հիշում է Գոռի մայրը։
Ապրիլի 1-ին Գոռն իջել էր դիրքերից։ «Զանգեցի, ուրախացա, որ իջել են։ Ամեն օր ես իրենց հետ ապրում էի ամեն վայրկյանը, մինչև երեկոյան Գոռն իջնում էր դիրքերից, զանգում, ասում՝ մա՛մ, հանգի՛ստ եղիր, ես արդեն իջել եմ, ամեն ինչ նորմալ է։ Ապրիլի 2-ին, երբ արդեն լուրեր կային, որ պատերազմ է սկսվել, զանգեցի Գոռին։ Հարցրի՝ Գո՛ռ ջան, ինչպե՞ս է վիճակը ձեզ մոտ, հեռուստացույցով լսում ենք, որ պատերազմ է, վիճակը շատ վատ է։ Ասաց՝ հեռուստացույցին մի՛ հավատացեք, նման բան չկա, ես զորամասում եմ, ամեն ինչ նորմալ է։ Մինչև ապրիլի 4-ը ես ամեն օր զանգել եմ, ամեն վայրկյան կապ եմ ունեցել։ Ինձ ոչ մի վատ բան չասաց մինչև վերջին օրը։ Ապրիլի 4-ի երեկոյան զանգեցի, հարցրի՝ Գո՛ռ ջան, ի՞նչ ես անում, ասաց՝ մա՛մ, տղաներով նստած ենք։ Այնպես ուրախ էր խոսում ինձ հետ, որ ես չէի պատկերացնում, որ ինքը կռվի դաշտում է։ Հետո մենք իմացանք, որ իրենք բարձրացել են դիրքեր։ Այնպես էր անում, որ ես չպատկերացնեի, որ դիրքերում էր։ Մի քանի բառ խոսելուց հետո սկսում էր երգել։ Ասում էի՝ Գո՛ռ ջան, ձեզ մոտ պատերազմ է, ես վախենում եմ, ամեն վայրկյան քո մասին եմ մտածում։ Ասում էր՝ մա՛մ, ոչ մի բան չկա, ու սկսում էր երգել։ Իր երգով, իր ուրախությամբ ինձ շեղում էր։ Ասում էր՝ մա՛մ, բան չի մնացել, մի՛ վախեցիր, ես տուն եմ գալու։ Ասում էի՝ Գո՛ռ ջան, գալու ես, հո չե՞ս մնալու»։
Ապրիլի 5-ին, առավոտյան ժամը 7-ին տիկին Գայանեն կրկին խոսել էր որդու հետ։ «Հարցրի՝ ի՞նչ ես անում, ասաց՝ մա՛մ, սուրճ եմ խմում։ Ուրախացա, մտածեցի՝ ամեն ինչ նորմալ է, եթե սուրճ է խմում։ Հարցրի՝ ի՞նչ ես անելու, ասաց՝ մա՛մ, գնալու եմ դիրքեր, երեխաներին հաց եմ տանելու։ Ես մտածում էի, որ ինքն իր գործն է անում, պետք է հացը երեխաներին հասցնի։ Ասում էր՝ մա՛մ, այդ զինվորները, տղաները կռվում են թուրքի դեմ, ես էլ իմ պարտքը պիտի կատարեմ, հաց պիտի տանեմ երեխաներին։ Ասացի՝ Գո՛ռ ջան, զգո՛ւյշ եղիր, գիտեմ, որ դու քո պարտքն ես կատարում, բայց զգո՛ւյշ եղիր։ Վերջին խոսակցությունը ժամը 10։30-ին է եղել։ Զանգեցի՝ հարցրի՝ Գո՛ռ ջան, ի՞նչ ես անում։ Ասաց՝ մա՛մ, հաց եմ տանում երեխաներին, շտապում եմ։ Պատրաստվում էր ու էլ չխոսեց ինձ հետ։ Ասաց՝ մեկ ժամից ետ կգամ ու կզանգեմ։ Ես այլևս չզանգեցի, սպասում էի, որ ինքը զանգեր, քանի որ գիտեի, որ դիրքերում է, մեքենան է վարում, վտանգավոր է։ Սպասեցի մեկ ժամ, երկու ժամ, զանգ չեկավ։ Անհանգստացա։ Դասին նստել էի, այնքան անհանգիստ էիգ Ես կարծես զգայի՝ ինչ է իր հետ կատարվում։ Սկսեցի երեխաների հետ զինվորներից խոսել։ Երեխաներին հարցրի՝ զինվոր ունե՞ք։ Երեխաները սկսեցին խոսել իրենց եղբորից, հորեղբոր տղաներից։ Նրանցից մեկն ինձ հարցրեց՝ Դուք զինվոր ունե՞ք, ընկե՛ր Շահնազարյան։ Ասացի՝ իմ տղան էլ է ծառայում, առաջնագծում է։ Սկսեցի արտասվել, այդ պահին արդեն դեպքը տեղի էր ունեցել Գոռի հետ։ Ես իր հետ 10։30-ին խոսել եմ։ 11։30-ին տեղի է ունեցել դեպքը»,- ասում է Գոռի մայրը՝ նշելով, որ սկզբում իրեն ասել են, որ Գոռը ծանր վիրավոր է, հետո արդեն իմացել է որդու զոհվելու մասին։ «Ճիշտ է՝ իր կյանքը շուտ ավարտվեց, բայց նա հասցրեց 20 տարեկանում հերոսանալ»,- ասում է Գոռի մայրը։
«Ընկերները եկել էին ցավակցելու։ Նրանցից մեկը միայն մի բան ասաց ինձ՝ 250 զինվոր ամբողջ կյանքում քո տղային պարտական ենք, պարտք ենք։ Թե ինչ է արել, չգիտեմ։ Ասաց՝ կգա ժամանակը, ամեն ինչ կիմանաս՝ 250 երեխա քո տղային պարտք են։ Ինքն իր կյանքը փոխեց 250 հոգու կյանքի հետ։ Իմանալով, որ գնալու է մահվան, գնաց»,- եզրափակում է Գոռի հայրը։
Նշենք, որ Գոռ Կիրակոսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով։