«ԱԺ-ի և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները համապետական առումով տարբեր կլինեն». Քաղաքագետ
«Նորմալ է, որ այն քաղաքական ուժերը, որոնք պարտություն կրեցին Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, էլ չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին:
Հիշեցնենք, որ քաղաքական ուժերից դեռևս միայն ՀՀԿ-ն և «Ելք» դաշինքն են հայտարարել, որ մասնակցելու են ավագանու ընտրություններին, իսկ մյուս ուժերը, բացի «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, որն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու, լուռ են: Նշենք նաև, որ Զարուհի Փոստանջյանը ևս հայտնել է, որ մտադիր է առաջադրվել՝ որպես քաղաքապետի թեկնածու:
Գ. Համբարյանի կարծիքով՝ հիմնական պայքարը Երևանի ավագանու ընտրություններում տեղի կունենա ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Ելք» դաշինքի միջև: Քաղաքագետը նկատեց, որ ԲՀԿ-ն դեռ չի հայտարարել իր մասնակցության մասին, բայց ինքը համոզված է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները ստանալով՝ ԲՀԿ-ն ևս ցանկություն կհայտնի մասնակցել այդ ընտրություններին: Նրա խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքն ամենաշատ ձայները հավաքել է հենց մայրաքաղաք Երևանում:
«Այստեղ մենք պետք է նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ «Ելք» դաշինքի, այսպես կոչված, ռեյտինգային թեկնածուները ևս ներկայացնում են Երևանը, այսինքն՝ Երևանի 4 ընտրատարածքներում «Ելքը» բավական մեծ ձայներ է հավաքել: Կարծում եմ՝ «Ելքը» բավականին մեծ հակառակորդ կլինի ՀՀԿ-ի համար: ՀՀԿ-ն էլ իր բոլոր ռեսուրսներով հանդերձ՝ պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր վերահսկողության տակ պահի ավագանին, և դրա համար նա կձեռնարկի բոլոր միջոցներ, որոնք ձեռնարկեց նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ սկսած վարչական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումից, վերջացրած թաղային հեղինակությունների ներգրավմամբ այդ ընտրություններում:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին նման լինելուն, ապա պետք է նշեմ, որ արդյունքները համապետական առումով տարբեր կլինեն, որովհետև ես նշեցի, որ «Ելքն» ամենամեծ ձայները ստացել էր հենց մայրաքաղաք Երևանում, և այդ ձայներն էլ չի լղոզվի մյուս մարզերի ձայների հետ, և «Ելքն» ավելին կունենա ավագանիում, քան ներկայիս Ազգային ժողովում»,- նշեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին՝ եթե Զարուհի Փոստնաջյանն էլ առաջադրվի՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, արդյոք ընդդիմադիր զանգվածների ձայները չե՞ն տրոհվի, և իշխանություններն էլի ավելի մեծ շանսեր չե՞ն ունենա հաղթելու՝ Գ. Համբարյանը պատասխանեց, որ այստեղ խնդիրն այն է, թե Զարուհի Փոստանջյանն ինչ թիմով է հանդես գալու.
«Եթե այդ թիմի մեջ միայն Զարուհի Փոստանջյանն է, դա շատ մեծ օգուտ նրան չի բերի: «Ելքի» գլխավոր գրավականը թիմն էր, և այդ թիմը հաջողության հասավ: Զարուհի Փոստանջյանը միայնակ շատ մեծ հարցեր չի լուծի: Իհարկե, կլինի ընդիմադիր դաշտի պառակտում, որն ի օգուտ իշխանությունների է, բայց ամենակարևորն այստեղ թիմն է: Բացի այդ, քանի որ ավագանու ընտրությունները տեղի են ունենում ԱԺ ընտրություններից հետո, այստեղ ԱԺ ընտրությունների ազդեցությունն այդ ընտրությունների վրա ևս կլինի, բայց էլի եմ նշում՝ համապետական ընտրությունների արդյունքները մենք պետք է տարանջատենք Երևանի ընտրությունների արդյունքներից»:
Քաղաքագետը համոզված է՝ ավագանու ընտրություններից առաջ և ընտրության օրը գործելու են նույն մեթոդները, ինչ գործել են խորհրդարանական ընտրություններին. «Տարբեր մեթոդներ են իշխանությունները կիրառելու իրենց ձեռքում Երևանի իշխանությունը պահելու համար: Իհարկե, կլինեն նաև ընտրակաշառքներ, կլինեն նաև ապօրինի գրանցումներ, վառ օրինակը նույն Երևան քաղաքում կար, երբ տարբեր մարզերից բերում, մարդկանց գրանցում էին Երևանում, դարձնում էին Երևանի բնակիչ, հետագայում նրանք, ընտրություններին մասնակցելուց հետո՝ նորից հետ են վերադառնում իրենց «հայրական» տները:
Այստեղ կգործի նաև ադմինիստրատիվ ռեսուրսը, նույն պետական հիմնարկներում աշխատակիցները հրահանգներ կստանան՝ պարտադիր իրենց ձայները տալ ՀՀԿ թեկնածուին, այնպես որ, բոլոր մեթոդներն էլ կկիրառվեն, և ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է Երևանում իշխանությունն իր ձեռքում պահելու համար»: