Թրամփի աննախադեպ հարվածը. Սիրիայի հրթիռակոծման հայաստանյան և ղարաբաղյան վտանգները
«168 Ժամի» զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, միջազգայնագետ, արևելագետ Վիգեն Չետերյանը
– Պարոն Չետերյան, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առանց Կոնգրեսի հետ համաձայնեցնելու՝ որոշեց թևավոր հրթիռներով հարվածել Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչը, ըստ էության, պատասխանն էր մի քանի օր առաջ շրջանառվող լուրերի, թե Սիրիայի կառավարությունը քիմիական զենք էր կիրառել, որի հետևանքով զոհվել էր առնվազն 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ, որը հերքել էին սիրիական իշխանությունները։ Սա Թրամփը «կարմիր գիծ» էր որակել։ ԱՄՆ այս քայլը մի շարք հարցեր է բարձրացնում, քանի որ ԱՄՆ-ը վեց տարվա ընթացքում առաջին անգամ հարվածում է Սիրիայի կառավարական զորքին։ Սա ի՞նչ հանգրվան է ենթադրում սիրիական հակամարտության համար։
– Սա, բնականաբար, մեծ նորություն էր, քանի որ ԱՄՆ-ը Բարաք Օբամայի նախագահության օրոք, ի տարբերություն հակառակ հանրային կարծիքի և տպավորությունների, թե հակամարտության մեջ ամերիկացիները շատ լուրջ շահեր և միջամտություն ունեն, ԱՄՆ-ը վեց տարվա հակամարտության ընթացքում հեռու էր մնում սիրիական զարգացումներից տարբեր պատճառներով, քանի որ ԱՄՆ-ը Սիրիայում մեծ շահեր չունի, և Օբաման փորձում էր ամերիկյան զորքերը դուրս բերել Միջին Արևելքից և Աֆղանստանից։ Իսկ այս գիշերվա հարվածները ցույց տվեցին, որ Թրամփն ավելի ակտիվ ռազմական քաղաքականություն է վարելու Միջին Արևելքում։ Թերևս սա միակ ազդանշանը չէր։ Սրանից առաջ տեսանք, որ ամերիկյան ուժերի ռազմական գործողությունները շատ ավելի թեթևացել էին Իրաքի, Եմենի և այլ թիրախների դեմ։ Սա քայլ է՝ ցույց տալու, որ Միջին Արևելքում, առավելապես՝ Սիրիայում, ԱՄՆ-ը շատ ավելի ակտիվ ռազմական և քաղաքական դերակատարություն է ունենալու։
– Ամերիկյան ավիահարվածներին առաջինն արձագանքեց ռուսական կողմը՝ և՛ ՌԴ նախագահի, և՛ ՌԴ ԱԳ նախարարի մակարդակով, ով ավիահարվածները համեմատեց 14 տարի առաջ Իրաք ներխուժման հետ՝ այն որակելով ռազմական անհիմն ագրեսիա Սիրիայի զինվորականության դեմ։ Հաշվի առնելով այս՝ արդեն իսկ սրված հռետորաբանությունը, Ռուսաստանի շահերը Սիրիայում՝ սա ինչպե՞ս կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։
– Դիսկուրսի առումով այն ամենը, ինչ Կրեմլից է այսօր դուրս գալիս, ցույց է տալիս, որ կա լարվածություն։ Բայց մյուս կողմից՝ բոլորս հասկանում ենք, որ այս գիշերվա հարվածները բավականին սիմվոլիկ բնույթ էին կրում։ Նախ, եթե նկատի ունենանք, որ 59 «Տոմագաֆկ» տեսակի հրթիռ է արձակվել ռազմական բազայի վրա, իսկ այնտեղ կա ընդամենը 6 զոհ։ Այստեղ ինչ-որ բան սխալ է, քանի որ սրանք չափազանց հզոր հրթիռներ են, որոնցից յուրաքանչյուրը 450 կիլոգրամին հավասար ուժ ունի, այս հրթիռների ավերիչ կարողությունները շատ ավելի հզոր են։
Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Չգիտեմ, թե որքանով էին ստույգ այդ տեղեկությունները, բայց կային լուրեր, որ ԱՄՆ-ը տեղեկացրել էր ռուսական ռազմական ղեկավարությանը հնարավոր հարվածի մասին, այսինքն՝ եղել էր որոշակի համագործակցություն։
Դիվանագիտական հռետորաբանությունից դուրս պետք է նկատի ունենալ, որ սա քաղաքական ուղերձ է, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարևոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է։ Պետք է այս քայլը դիտարկենք ամերիկյան ներքին քաղաքականության մեջ, քանի որ նա բավականին թույլ ղեկավար է դիտարկվում։
– Թեև նշվում է բարձր մակարդակով, որ այլևս հարվածներ չեն լինելու, այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ այս քաղաքականությունը որքանո՞վ շարունակական կլինի՝ հաշվի առնելով նաև ռուսական հնարավոր արձագանքը։
– Արդեն այս առավոտ ամերիկյան ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ չեն շարունակելու հարվածները, այսինքն՝ սա խորհրդանշական հարված էր, որն ուղղված էր բանակցությունների վերսկսմանն առավելապես, քան ռազմական միջոցներով սիրիական հակամարտության հավասարակշռության խախտմանը։ Սա սիմվոլիկ դիվանագիտական ուղերձ է, և՝ ոչ ավելին։
– Ձեր գնահատմամբ՝ ամերիկյան կողմն իր խնդիրը լուծե՞ց այս ավիահարվածներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։
– Դժվար է ասել, բայց Թրամփն ամերիկյան հանրային կարծիքում փորձում է իր դժվարությունների և ձախողումների ֆոնին ցույց տալ, որ համախմբում է հանրային կարծիքն իր այս ծրագրի շուրջ, բայց իմ կարծիքով՝ Թրամփը շատ լուրջ խնդիրներ ունի և Սիրիայում մեկ կամ երկու հարվածով իր ներքին հարցերը չի կարող լուծել, պարզապես կարող է հեռացնել ուշադրությունն իր վարչակազմից դեպի Միջին Արևելք, բայց իր համակարգային խնդիրները, որոնք առաջացել են իր խոստումների, իր կերպարի պատճառով, չեմ կարծում, որ լուծվեն Սիրիայի ճգնաժամի միջոցով։
– Այնուամենայնիվ, սրան ռուսական արձագանքը, պատասխանն ինչպիսի՞ն կլինի։ Ռուսաստանը կգնա՞ առճակատման խորացման ճանապարհով։
– Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն շահ չունեն, որպեսզի սիրիական հակամարտության շուրջ իրավիճակ սրեն, սա շատ փոքր հարց է, կան միլիոնավոր մարդիկ, որ տուժում են, այո, բայց մեծ պետությունների համար Սիրիան ռազմավարական, տնտեսական կարևորություն չի ներկայացնում իրենից։ Սիրիայի շուրջ ուղիղ առճակատում ռուսների և ամերիկացիների միջև ընդհանրապես ես բացառում եմ։
– Այս քայլը չունե՞ր, ըստ Ձեզ, ռուսական հասցեատեր։
– Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում ևս պետք է դիտարկել ամերիկյան ներքին համատեքստում։ Թրամփն ինքը դեմոկրատների կողմից դիտարկվում է՝ որպես Պուտինի խամաճիկ և նվազագույնը՝ Պուտինի դաշնակից։ Թրամփի կարևոր ուղերձներից մեկն այն է, որ նա կարող է նույնիսկ Պուտինի հանդեպ խիստ կեցվածք գրավել։
– Թեև Դուք իրավիճակի սրում չեք կանխատեսում ռուս-ամերիկյան հարաբերություններում, Հայաստանում մտավախություններ են հնչում, որ Հայաստանը գուցե ներգրավվի այս հակամարտությունում Ռուսաստանի թելադրանքով՝ հաշվի առնելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն ու ազդեցությունը։ Որքանո՞վ են տեղին այս մտավախությունները։
– Իմ կարծիքով՝ Հայաստանի չկարգավորված հակամարտությունն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ, դաշնակցությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ այլ նյութ են միջազգային հարաբերություններում, ինչը մաս չի կազմում Միջին Արևելքի ռազմական կամ քաղաքական հավասարակշռությանը, և նման մտավախությունները հեռու են իրականությունից։ Նախ՝ այս գործողությունը պետք չէ իր համատեքստից դուրս բերել, երկրորդը՝ չեմ կարծում, որ ստեղծվելու է հսկայական սրում, որպեսզի այն ազդի Հայաստանի վրա։
– Հնարավո՞ր է՝ Թրամփի այդ խիստ կեցվածքը տարածվի այլ հակամարտությունների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության վրա, որտեղ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը աշխատում են՝ որպես միջնորդներ, և որտեղ վերջին շրջանում ամերիկյան կողմը ճանաչում է Ռուսաստանի գերակա միջնորդական դիրքերը։
– Չեմ կարծում։ Եթե ազդի, ապա այնտեղ կան մի շարք այլ թեկնածուներ՝ Իրաք, Ուկրաինա։ Ղարաբաղը կարևոր թեժ գծերից մեկը չէ, Ղարաբաղում անցյալ տարի տեղի ունեցավ ապրիլյան առճակատումը, բայց միջազգային մասշտաբով այն շատ փոքր դեպք է, Սիրիայի կամ Իրաքի մեկ օրվա հավասար դեպք է։ Սիրիայում վերջին վեց տարվա ընթացքում ամեն օր գրանցվում է 100-150 զոհ, այստեղ Ղարաբաղը շատ համեստ տեղ է զբաղեցնում։