Նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար կկազմակերպվեն վեբ-ծրագրավորման անվճար դասընթացներ
«Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը և «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» ԳԿՀ-ն հանդես են գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է՝ ՎԵԲ ծրագրավորման 6-ամսյա անվճար դասընթացներ կազմակերպել զորացրված երիտասարդների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, Java Script, PHP, Data Base, անգլերեն, Դիսկրետ մաթեմատիկա, Ալգորիթմների տեսություն, Photoshop ծրագրերից:
«Գնալով ՏՏ ոլորտն ընդլայնվում է Գյումրիում, մասնագետները դառնում են պահանջված: Այս ծրագիրն իրականացնում ենք մեկ նպատակով. հնարավորություն տալ զորացրված երիտասարդներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն»,- նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:
«Դեպի առաջ» բարեգործական հ/կ-ի նախագահ Սևան Ամիրյանսի խոսքով՝ ԳՏՏԿ-ն իր մեծ փորձով և հնարավորություններով հիանալի գործընկեր է ՝ իրենց առջև դրված նպատակին հասնելու համար:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան գտնեն իրենց արժանավայել տեղն աշխատաշուկայում»,- նշում է Սևան Ամիրյանսը:
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.04.2017թ.:
Սիրարփի Աղաբաբյան