Բաժիններ՝

Թուրքիայի բանակում սպանված հայ Սևակ Բալըքչըի գործը կքննի քաղաքացիական դատարանը

Թուրքական բանակում ծառայող, 2011 թվականի ապրիլի 24-­ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի դատական գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Սևակ Շահին Բալըքչըն թուրքական բանակում սպանվել է 2011 թ. ապրիլի 24-­ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասի հրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ` պատահաբար արձակված գնդակից»:

Սևակի ծնողները, սակայն, պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար:
Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանը 2013 թվականի մարտի 26-­ին որոշում էր կայացրել, համաձայն որի՝ Սևակի վրա կրակած Քըվանչ Աղաօղլուն «մտադրված մարդ սպանելու» մեղադրանքով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման, իսկ ենթասպա Սեդրեթթին Էրսյոզը «պաշտոնը չարաշահելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 5 ամիս ազատազրկման: Որոշման հրապարակումից հետո պատասխանող կողմի իրավաբանները դիմել էին վերաքննիչ դատարան` վիճարկելով կայացրած որոշումը:

Ռազմական գլխավոր դատախազությունը 2014 թվականին վճիռ էր արձակել այն մասին, որ սպանության կատարման մեջ դիտավորություն չի արձանագրվել, անբավարար են փաստերը, որոնք ապացուցում են սպանության դիտավորությունը: Ուստի դատախազությունը չեղյալ էր համարել Դիարբեքիրի դատարանի որոշումը:

Դատարան վերադարձած դատական գործը սկսել էր վերանայվել սկզբից: 2016 թվականի հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել էր նոր հրամանագիր ռազմական դատարանների վերացման մասին, ուստի Սևակ Բալըքչըի դատական գործը փոխանցվել է Քոզլուքի քրեական դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս