Bianet. «Էրդողանը Էրդողանի դեմ, 1994-2017թթ.»

Թուրքական «Bianet.org» կայքն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հակասություններով հարուստ քաղաքական կարիերային: Կայքը «Էրդողանը Էրդողանի դեմ, 1994-2017թթ.» հոդվածում, հենվելով արխիվային նյութերի վրա, ցույց է տվել, թե ժամանակի ընթացքում միևնույն թեմաների շուրջ ինչպես են տրամագծորեն փոխվել Էրդողանի դիրքորոշումները:

1994 թվական

Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էրդողանը կտրականապես դեմ է արտահայտվում Բոսֆորի նեղուցի վրա 3-րդ ավտոմոբիլային կամուրջը կառուցելուն:

«Ստամբուլցին պետք է ապրի ոչ թե այնպիսի քաղաքում, որտեղ մեքենաների մասին ավելի շատ են մտածում, քան մարդկանց, այլ այնպիսի քաղաքում որի առանցքը պետք է մարդը լինի:

Տրանսպորտային խնդիրներ չունեցող մեգապոլիս ունենալու միջոցներից մեկը մետրոն է:

3-րդ կամուրջը կառուցելը նշանակում է ոչնչացնել մեր «թոքերը»: Դա լուրջ սխալ է»,- ասել էր Էրդողանը:

2016 թվական

Օգոստոսի 26-ին հանդիսավոր կերպով բացվեց 3-րդ կամուրջը, որին տրվեց «Սուլթան Սելիմ Ահեղ» անունը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցող Էրդողանն առաջինն անցավ կամուրջի վրայով:

1994 թվական

Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էրդողանը հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նորընտիր քաղաքապետը միջամտի մարդկանց կենսաձևին, պատասխանում է.

«Մենք չենք կարող որևէ մեկի հագուկապին միջամտել: Մենք մեր պարտականությունները կատարելիս հարգանք ենք ցուցաբերելու Ստամբուլի մշակույթը ձևավորող բոլոր շերտերի նկատմամբ:

Պանդոկների, բարերի և նմանատիպ այլ վայրերի գործունեության սահմանափակման մասին հարցին ի պատասխան` Էրդողանն ասել է, որ ինքը չի ստուգելու դրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին: Վերջինս նշել է, որ այդ ամենն իրականացնելու է մեդիայի հետ համատեղ` իրականացնելով «մասնակցային դեմոկրատիա»:

2013 թվական

Մի շարք սահմանափակումներ է դրվում ոգելից խմիչքի վաճառքի և օգտագործման վրա:

Էրդողանը սահմանափակումները օրինականացրած իր կուսակից պատգամավորներին ուղղված շնորհակալական խոսքում ասում է. «Մտցված կանոնակարգումները չեն կարող ընկալվել որպես միջամտություն որևէ մեկի կենսաձևին: Ով ցանկանում է ալկոհոլային խմիչք օգտագործել, կարող է իր տանը օգտագործել»:

2013 թվական

Վարչապետ էրդողանը Գեզի այգու քանդման որոշման դեմ ծայր առած բողոքի ցույցերի օրերին «Haberturk» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ իր գրասենյակից հետևում է կանաց հագուկապին` ավելացնելով, որ դա դուր չի գալիս իրեն:

«Ավանդույթներով առաջնորդվող ծնողը արդյո՞ք կցանկանա, որ իր աղջիկը նստի ինչ-որ մեկի գիրկը: Նայում եմ Դոլմաբահչեի իմ գրասենյակի դիմացով անցնողների տեսքին: Այդ ամենը չի համապատասխանում իմ արժեհամակարգին, սակայն մտածում եմ, որ իմ հասարակության ներկայացուցիչն է, չեմ կարող նրա հագուկապին բան ասել»,- ասել էր Էրդողանը:

2002 թվական

Նոյեմբերի 3-ի համապետական ընտրություններում հաղթելուց հետո արած առաջին հայտարարության մեջ կրկին շեշտը դնում է «մասնակցային ժողովրդավարության» իր թեզի վրա:

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք ջանք չենք խնայելու մասնակցային ժողովրդավարության համար բոլոր պահանջվող քայլերը կատարելու համար»,- ասել է Էրդողանը` պարզաբանելով, որ իրենց բոլոր քայլերը համաձայնեցնելու են հատկապես հասարակական կազմակերպությունների ու խորհրդարան չներկայացված կառույցների հետ:

2016 թվական

Ապրիլի 7-ի ելույթի ժամանակ նախագահ Էրդողանը շատ կոշտ է արտահայտվում քրդական շրջաններում տեղի ունեցած բախումների և դրա հետևանքների մասին ՀԿ-ների կազմած զեկույցի վերաբերյալ`ասելով, որ պետք է ճնշել այդպիսի զեկույցներ հրապարակողներին:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս