Մելանշոնը շահել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների միջև կայացած բանավեճը
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնն իր հայրենակիցներին առավել համոզիչ է ներկայացել Ֆրանսիայի նախագահի թեկնածուների բանավեճի մասնակիցների թվում, ինչի մասին վկայում են Elabe-ի անցկացրած հարցման արդյունքները:
Այսպես, հարցվածների 25 տոկոսը Մելանշոնին ճանաչել է լույս ապրիլի 5-ի գիշերն ավարտված հեռուստաբանավեճերի հաղթող: Երկրորդ տեղում «Հառաջ» շարժման թեկնածու Էմանուել Մակրոնն է (21 տոկոս), երրրորդում՝ «Հանրապետականներ» աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (15 տոկոս):
«Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չորրորդն է (11 տոկոս): Հարցումն անցկացվել է բանավեճերից հետո: Դրանց մասնակցել են 1024 քաղաքացիներ:
Մինչդեռ ֆրանսիական ԶԼՄ-ներից մի քանիսն իրենց կայքերում հրապարակում են առցանց հարցումներ, որոնք ներայացնում են ուժերի այլ դասավորություն: Օրինակ՝ Figaro թերթի կայքում քվեարկել է ավելի քան 70 հազար մարդ, ընդ որում 52 տոկոսը նախապատվությունը տվել է Ֆիյոնին, 16 տոկոսը՝ Մելանշոնին, իսկ 10 տոկոսը՝ Մակրոնին:
Հեռուստաբանավեճերին մասնակցել են երկրի նախագահի բոլոր 11 գրանցված թեկնածուները: Նրանք ուշադրությունը կենտրոնացրել են առավելապես ներքին թեմաների վրա: Նաեւ քննարկել են Ֆրանսիայի դերը Եվրամիությունում, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարը Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: