«Քվեարկելիս ընտրողը հաշվի է առել ոչ թե կուսակցությունների արտաքին կողմնորոշումները, այլ ներքին ծրագրերը». Կայծ Մինասյան

168.am-ի զրուցակիցն է Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը։

– Պարոն Մինասյան, հայտնի են Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Որքանո՞վ էին այս արդյունքները սպասելի։ Ինչո՞վ եք բացատրում հետևյալ երեք՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ ուժերի հաջողությունն ընտրություններում, ինչը, ըստ էության, որևէ փոփոխություն չի ենթադրում նախորդ խորհրդարանից, և ընդդիմադիր «Ելք» դաշինքի մուտքն ԱԺ։

– Մի քանի շեշտադրումներ ունեմ անելու։ Առաջին հերթին ցանկանում եմ անդրադառնալ հասարակության մասնակցությանն ընտրություններին։ 60%-ն այնքան էլ բարձր մասնակցություն չէ, ինչը նշանակում է, որ հասարակության շրջանում հուսահատություն կա, դա անտարբերություն չէ, բայց սա փաստում է այն մասին, որ ժողովուրդը ձանձրացել է երկրում տիրող իրավիճակից։ Քաղաքական ուժերի և հասարակության միջև վստահության պակաս կա։

Երկրորդ՝ այս արդյունքները սպասելի էին, որովհետև ընտրություններից առաջ բոլոր հարցումները ցույց տվեցին, որ այս չորս գլխավոր ուժերն են վայելում հասարակության համակրանքը։ Գիտեինք, որ բավականին լուրջ մրցակցություն կար Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև։ Հարցն այն է, որ չէինք սպասում, որի ՀՀԿ-ն կհավաքեր մեծամասնություն խորհրդարանում միայնակ, և դա նորություն է։ Պետք է տեսնենք, թե արդյոք ՀՀԿ-ն կձևավորի՞ կոալիցիա, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ կձևավորի ՀՅԴ-ի հետ։ Չորս ուժերի ցանկում նոր է «Ելք» դաշինքը, որը հույս է ներշնչում, քանի որ նրանց ցուցակում նոր դեմքեր են ներառված։ Կարևոր էր ՀՅԴ-ի համար կրկին մուտքն ԱԺ, քանի որ ՀՅԴ-ն համահայկական կուսակցություն է, որը կապ է ստեղծում Սփյուռքի և Հայաստանի, այդ թվում՝ Արցախի միջև։

Երրորդ կետը՝ այս ընտրությունները մեծ պարտություն էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ինչը նշանակում է, որ նա՝ որպես քաղաքական գործիչ, այլևս վերջացած է, նրա կեցվածքը Ղարաբաղի և խաղաղության վերաբերյալ իրենից արժեք չի ներկայացնում Հայաստանում։

Մյուս պարտվող ուժն ՕՐՕ-ն էր, դա իրենց համար մտահոգիչ պետք է լինի, քանի որ Օսկանյանն ու Օհանյանը բավականին մեծ հեղինակություն ունեին մինչ այսօր։ Այս պարտությունը զարմանալի էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որովհետև չորս տարի առաջ նա՝ որպես նախագահության թեկնածու, 35% հավաքեց, և այս անգամ գրեթե ոչինչ չհավաքեց: Սա նշանակում է, որ այս սերունդն ինչ-որ տեղ հոգնած է, կարելի է սպասել, որ նոր դեմքեր մեջտեղ գան, բայց իրե՞նց հետ, թե՞ ոչ, դա հստակ չէ։

Եթե ՀՀԿ-ն հաղթեց ընտրություններում, դա մեծապես կապված էր Կարեն Կարապետյանի հեղինակության հետ, քան զուտ ՀՀԿ-ի հետ։ Իմանալով, որ Կարեն Կարապետյանը բավական մեծ հեղինակություն ունի հայ հասարակության մոտ և նոր դեմք է, նոր սերնդի ներկայացուցիչ է, կարծում եմ, որ ժողովուրդը հույսեր կապեց նրա հետ՝ հույս ունենալով, որ վիճակ կփոխվի։

Կարեն Կարապետյանը բացեիբաց է խոսում, անկեղծ է, հույսեր են կապում նրա հետ։ ՀՀԿ-ին տրված ձայները նաև նշանակում են, որ հասարակությունը ցանկանում է, որպեսզի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակվեն առանց զիջումների, «ոչ» ասացին Տեր-Պետրոսյանի կեցվածքին, քանի որ ցանկանում են խաղաղություն՝ առանց զիջումների, ցանկանում են, որպեսզի Ղարաբաղը մնա հայկական վերահսկողության տակ, բայց ավելի կոշտ և արմատական կեցվածքով։ Այստեղ կարևոր է, որ ԱԳ նախարարն այլևս ավելի շատ պետք է հաշիվ տա թե խորհրդարանին, թե հասարակությանը՝ նոր Սահմանադրության համաձայն։

Վերջին կետն այն է, որ ավելի լավ էին կազմակերպված ընտրությունները, բայց քանի որ դրանք ավելի բաց էին ու թափանցիկ, ավելի շատ խախտումներ տեսանք, թեև դրանք շտկելի են։ Կարևոր էր, որպեսզի այս ընտրություններն ավելի մաքուր լինեն, քան նախորդ ընտրությունները, գոնե կազմակերպչական առումով։ Կարող ենք ասել, որ ստեղծվելիք խորհրդարանում հստակ է լինելու մեծամասնության և փոքրամասնության դաշտը: Այսինքն՝ մեծամասնությունը կապված է ՀՀԿ-ի և Դաշնակցության հետ, իսկ ընդդիմադիրները՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը», այս դեպքում հայտնի չէ, թե միացյալ ընդդիմություն կկազմե՞ն, թե՞ ոչ, արդյո՞ք նրանք կառուցողական ընդդիմություն կլինեն, հստակ չէ։

Թե ինչպես կշարունակեն իրենց գործունեությունն ԱԺ-ից դուրս մնացած ուժերը՝ չգիտենք։ Այս ընտրությունների դասը հետևյալն է, երբ 100%-ով համապետական ընտրություններ են մեկ փուլով, եթե հզոր ուժ չես, ստիպված ես դաշինքներ կազմել, և, դժբախտաբար, մի քանի ուժեր չկարողացան համագործակցել, որպեսզի մեկ ցուցակով ներկայանան։

«Ծառուկյան» դաշինքը, ըստ էության, ստեղծվեց Ծառուկյանի անվան վրա, ՀՅԴ-ն պատմություն ունի իր շուրջը, ՀՀԿ-ն կարգավիճակի կուսակցություն է, իշխող կուսակցություն է, «Ելքը» հետաքրքիր է, նոր կուսակցություն է, նոր դեմքերով, կարողացավ անցնել խորհրդարան, բայց մյուսները, եթե հավաքվեին, կկարողանային անցնել 5 կամ 7%-անոց շեմը։ Սա հաջորդ ընտրություններին պետք է հաշվի առնել։

– Սովորաբար սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հասարակության 25-30%-ն արևմտամետ ընտրազանգվածն է։ Այս ընտրություններում հստակ արևմտամետ կողմնորոշում էր ցուցադրում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու մասամբ՝ «Ելք» դաշինքը։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս բաշխվեցին այս ընտրազանգվածի ձայները։ Նույնիսկ մեկնաբանություններ են հնչում, որ այդ ձայները կորան։

– ՀՀ քաղաքացիների համար, կարծում եմ, առաջնահերթությունն արևմտամետ, ռուսամետ, եվրոպամետ դիրքորոշումները չէին, առաջնային պահանջն էր՝ բարելավել քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրները։ Եթե ցանկություն կա բարելավել իրավիճակն այս ոլորտներում, պարտադիր չէ, որ քաղաքական ուժը  լինի արևմտամետ կամ ռուսամետ։ Մարդիկ ուսումնասիրում են ծրագրերը, առաջարկները, քաղաքացիները չեն մտածում այդ հարցերի մասին։ Չորս կուսակցությունները կամ դաշինքները, որ անցան և պետք է ներկա լինեն նոր խորհրդարանում, թե ռուսամետ են, թե եվրոպամետ են, թե ամերիկամետ են, բայց ավելի շատ հայաստանյան խնդիրների մասին են խոսում։

Կարծում եմ՝ այդ թեզն ընդհանրապես գոյություն չի ունեցել, մարդիկ ավելի լուրջ, կարևոր խնդիրներ ունեն, քան կողմնորոշման հարցերը։ Հայաստանը կարողացավ համաձայնագիր նախաստորագրել ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի շուրջ՝ ցույց տալու համար, որ եվրոպական մշակույթի, եվրոպական քաղաքակրթության մաս ենք։ ՀՀ քաղաքացիները խելոք են, իմաստուն են, իրենց համար առաջնահերթությունը տնտեսական և քաղաքական վիճակի բարելավումն է։

– Հաշվի առնելով այս չորս ուժերի մուտքը խորհրդարան՝ ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու։ Չորս ուժերից երեքը կրկին ներկայացված են լինելու ԱԺ-ում, նրանք կարո՞ղ են նոր որակ ապահովել։

– Գործելակերպի փոփոխություններ կլինեն։ Եթե նոր վարչապետը կրկին Կարեն Կարապետյանը լինի, կլինի ավելի մեծ հեղինակություն և իշխանություն, ենթադրաբար՝ կփորձի զարգացնել իր գործելակերպը։ Թե արդյո՞ք դա տեղի կունենա՝ չեմ կարող ասել, պետք է սպասենք։ Երկրորդը՝ նոր Սահմանադրության շուրջ խորհրդարանն ավելի է կարևորվել, և ընդդիմադիր ուժերը կարող են աշխուժություն ցուցաբերել, Կառավարությունը ստիպված պետք է լինի հաշվի առնել թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ ընդդիմադիր ուժին, դա կենթադրի փոքրիկ փոփոխություններ։ Ես չեմ ակնկալում մեծ փոփոխություններ, որովհետև վերնախավի մշակույթի հետ է դա կապված։

Հարց է նաև՝ արդյո՞ք նոր խորհրդարանի կազմը, նոր պատգամավորների ցանկը կազմված կլինի հին սերնդից, թե՞ նոր։ Եթե պատկանեն նոր սերնդին, նշանակում է, որ նոր որակ կլինի, ինչը լավ է, եթե հին սերունդը մեծամասնություն լինի ՝ ընդդիմադիր թե իշխանական բևեռներում, սովորական, դանդաղ գործելակերպ է լինելու։ Անձերից և սերունդներից է շատ բան կախված լինելու։

Տեսանյութեր

Լրահոս