Բաժիններ՝

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատեց, որ 22-­ամյա ղրղզստանցին մեղսակից է Պետերբուրգի ահաբեկչությանը

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է, որ ապրիլի 3­-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել է Ղրղզստանից սերված 22­-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Այդ մասին ասված է գերատեսչության՝ ապրիլի 4­-ին տարածված հաղորդագրության մեջ:

Փորձագետ­քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են ռումբով պայուսակի վրա, որը թողնվել էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ջալիլովը պայթեցումն իրականացրել է «Սեննայա պլոշչադ» կայարանից «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան մեկնող գնացքի վագոնում: Հենց նա էլ երկրորդ ինքնաշեն պայթուցիկ սարքն է պայուսակով թողել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում:

Այս եզրակացությունները քննիչներն արել են տեսադիտարկման խցիկների գրանցումները դիտելուց հետո: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին:

«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4­-ից քաղաքում հայտարարվում է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել է Նեւայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա­ եւ ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,­ հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս