Մերժվածները. Ժողովրդի՞, թե՞ իշխանության կողմից

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից 5-ն ապրիլի 2-ին չստացան բավարար քվե՝ Ազգային ժողով մուտք գործելու համար։ Ընտրությունների նախնական տվյալներով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է 0.94% (14 746), «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը՝ 3.71% (58 277), «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 1.65% (25 975), Կոմունիստական կուսակցությունը՝ 0.75% (11 745), «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 2.7% (32 504)։ Այս ուժերից որևէ մեկը երեկ չհայտարարեց ընտրությունների արդյունքները բողոքարկելու կամ անհնազանդության զանգվածային ալիք բարձրացնելու մասին։ Որոշ ուժեր բավարարվեցին հաղորդագրություններ տարածելով, նրանց անդամների հիմնական մասի հեռախոսներն անհասանելի էին, ոմանք էլ մերժում էին որևէ մեկնաբանություն տալ։

Առաջինը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր նախնական արձագանքն ընտրությունների վերաբերյալ, որում ասված է. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը, օրինական թե անօրինական ճանապարհով, կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքն» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը և կարգավորելու մեր ժողովրդի առջև կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը։

Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետևյալ երկու անառարկելի արձանագրումները.

Առաջին՝ Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում.

և երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձևավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենևին չեմ կասկածում։

Դա հավատավորների շարժում է, որը, Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում։ Եթե Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ի զորու են այդ աղետը կանխել Ղարաբաղի գոյության պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու ճանապարհով, մենք միայն երախտապարտ կլինենք նրանց։

Դիմելով, արդ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին ու համակիրներին, հարկ եմ համարում նշել, որ մեր օրակարգն ընտրությունների արդյունքներից ամենևին չի փոխվել։ Մենք հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ։ Հայաստանի և Ղարաբաղի գոյության, ապահովության ու բարգավաճման այլ երաշխիք գոյություն չունի, քան հարևանների հետ խաղաղության, հաշտության ու բարիդրացիության հաստատումը։

Խաղաղություն հիմա՛, և ոչ թե աղետից ու նոր, անիմաստ զոհերից հետո։ Սահմաններին զոհվող յուրաքանչյուր զինվորի արյունն այսուհետև նստելու է Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խղճին»։
«Հայկական Վերածնունդը» ևս միայն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները։ «ՀՎԿ-ն երախտագիտություն է հայտնում իր օգտին քվեարկած ՀՀ 58000 քաղաքացիներին սկցբունքային դիրքերոշման և անկաշառ վերաբերմունքի համար: Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումն ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:

Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ ՀՀ-ում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնն իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին:

Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցառտումների և հանրահավաքների: Կուսակցությունը շնորհավորում է և հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին և մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։

«Ազատ դեմոկրատների» ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արդյունքները բողոքարկելու նպատակ և հիմք չկա։ «Այն, ինչ տեղի ունեցավ, ընտրություններ համարել չես կարող։ Եկեք 2 բան իրարից առանձնացնենք՝ «Ազատ դեմոկրատների» կամպանիան և բուն ընտրական պրոցեսը։ Նախ՝ մեզանից ոչ մեկը չի հավատում, որ 1.5 մլն-ից ավելի ընտրող է մասնակցել։ Դա չտեսնված բան է։ Թե ի՞նչ կեղտոտ մեխանիզմի հետ գործ ունենք, դա անբացատրելի է։ Մասնակցության թվերն ուղղակի խելքին մոտ չեն։ Մենք առաջին անգամ չէ, որ մասնակցում ենք ընտրությունների և ծանոթանում ընտրացուցակներին։ Մենք գիտենք, որ Ոստիկանությունը չի թաքցրել, որ նախկինում Հայաստանից հեռացածները դուրս չեն բերվել ընտրացուցակներից։ Եթե դա հաշվի առենք, նշանակում է, որ հանրապետությունում ներկա ամբողջ բնակչությունը գրեթե միահամուռ մասնակցել է։ Ես դրան չեմ հավատում։ Դա մեր տիպի հասարակություններում, մեր երկրում չլինող բան է»,- ասաց նա։

Ս.Սաֆարյանն այս ընտրությունները համեմատեց իրավիճակի հետ, երբ մի քանի քաղաքական ուժ շախմատ են խաղում, մնացածը՝ բոքս։ Նրա խոսքով՝ 4 քաղաքական ուժ ընտրողի քվե է գնել՝ ծառություններ մատուցելով, փող բաժանելով, վարչական ռեսուրսով, ունենալով տարբեր լծակներ. «Եվ քո պայքարի դաշտը շատ քիչ է։ Հանրապետությունը վարակել էին փողի մոլուցքով։ Նման տեղ չկար, որ գնայինք հանդիպման, ու մեզ չասեին՝ ի՞նչ եք տալու։ Այս իրավիճակում շատ դժվար էր փոքր ռեսուրս ունեցող քաղաքական ուժերի համար մեծերի թելադրած խաղի կանոններում, այս ապաքաղաքական, անբարոյական մթնոլորտում գործ ունենալ։ Ընտրողը կողմնորոշվում էր 2 հարցի միջև՝ կա՛մ ինքն էլ է մյուսների նման ընտրակաշառք վերցնում և իր խնդիրները լուծում, կա՛մ ապագա է ընտրում»։ Ըստ Սաֆարյանի՝ այժմ հետագա անելիքների մասին պետք է մտածեն քվե ստացած ուժերը։ «Էլ ի՞նչ մտածենք, ընտրություններն ավարտվեցին»։

Կոմունիստներից Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց գնահատել ընտրությունների արդյունքները։ «Դեռ մեկնաբանել չեմ կարող, որոհետև մեր վստահված անձերից ստանում ենք արձանագրությունները, կհավաքենք, կքննարկենք, նոր կարծիք կհայտնենք։ Ես չեմ ուզում ժամանակից շուրջ կարծիք հայտնել»։ Բողոքարկման հարցում, ըստ նրա, կկողմնորոշվեն, երբ քննարկեն տեղամասերի հանձնաժողովների նյութերը. «Չենք կարող ասել՝ ճի՞շտ է հրապարակված թիվը, թե՞ ոչ»։
ՕՐՕ-ն, որ ի սկզբանե խոստանում էր հետընտրական գործընթացներ իրականացնել խախտումների դեպքում, երեկ ընդամենն այն քննադատող հայտարարություն տարածեց՝ չնշելով որևէ բառ ընտրությունների արդյունքների բողոքարկման կամ ապագա հանրահավաքների մասին։ «Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: Ո՛չ Ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 մլն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ո՛չ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը: Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը և լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը:

Իշխանությունը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մեջ առկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ:

Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետևանքներով: Անկախ ամեն ինչից՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք մշտապես պաշտպանել և պաշտպանելու ենք ժողովրդի շահերը՝ մնալով ժողովրդի մեջ՝ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քվեն, որը տրվել է դաշինքին: Շնորհակալ ենք մեր ակտիվիստներին ու համակիրներին, որոնք այս կեղտոտ և գաղջ մթնոլորտում ցուցաբերել են քաղաքացիական բարձր գիտակցություն:

Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ընտրողներին, որոնք քվեարկել են խղճի մտոք՝ անկախ նրանից, թե որ ուժին են տվել իրենց ձայնը: Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը՝ հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի:

Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Փոփոխություններն անխուսափելի են, և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»,- ասված է հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ մեզ հաջողվեց կապ հաստատել ՕՐՕ անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։ Նա հայտարարեց, որ երեկ հանգստանում էին և բողոքի վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չեն կայացրել. «Ժողովուրդը սուսուփուս գնաց ընտրական տեղամաս, ձայնը վաճառեց։ Մենք պատրաստ չէինք այդ ամենը վերահսկելու։ Մենք տեսնում էինք այդ ամենը, բայց չէինք կարող կանխել, որովհետև այնպիսի վիճակ է հասունացել, որ ժողովուրդը, կարծես, շնչահեղձ եղած, այդ 10 հազար դրամին էր սպասում»։

Հետընտրական հնարավոր գործընթացների մասին Մ.Եղիազարյանը խոսեց միայն իր անունից. «Այս իրավիճակն այսպես թողնելը հանցագործություն է։ Այսօր չպայքարելն է հանցագործություն։ Պայքարելը հանցագործություն չէ, որովհետև պետք էր տեսնել այն ընտրազանգվածը, որ 10 հազար դրամի համար վազում էր ընտրատեղամաս։ Մեր ժողովրդի մի մասը կորցրել է հպարտությունը, իսկ սասանված հպարտությունն ավելի սարսափելի է, քան ոտնահարված իրավունքները։ Ամեն գիտակից մարդ, որ ստամոքսով չի մտածում, այլ մտածում է, որ այս հայրենիքը մեր սերունդների համար պետք է թողնենք, կպայքարի, որպեսզի օր առաջ կարգի գա երկիրը, օր առաջ այս ամենաթողությունները ոչնչանան, օր առաջ Հայաստանի քաղաքացին զգա իրեն տան տեր»։

«168 ԺԱՄ» թերթ
03.04.2017թ.

Տեսանյութեր

Լրահոս