Բաժիններ՝

Փորձությունները մեր կյանքում

Մի օր մի երիտասարդ կին գնաց իր մոր մոտ և սկսեց գանգատվել՝ պատմելով իր ընտանեկան խնդիրների և դժվարությունների մասին: Նա չգիտեր, թե ինչպես հաղթահարել դրանք, քանի որ արդեն հոգնել էր պայքարելուց:

Մայրը նրան տարավ խոհանոց: Անխոս վերցրեց երեք կաթսա, առաջինի մեջ դրեց գազար, երկրորդի մեջ՝ ձու, երրորդի մեջ՝ աղացած սուրճ: Ջուր ավելացրեց և կաթսաները դրեց կրակին: 20 րոպե անց գազօջախի կրակը հանգցրեց, կաթսաներից հանեց գազարը, ձուն, սուրճը լցրեց գավաթների մեջ:

Ապա մայրը դստերը հարցրեց.

– Ի՞նչ տեսար աղջիկս:
– Գազար, ձու և սուրճ, մայրիկ, – պատասխանեց դուստրը:
Մայրը խնդրեց դստերը շոշափել գազարը: Շոշափելուց հետո դուստրն ասաց, որ գազարը փափուկ և փխրուն էր: Հետո մոր խնդրանքով շոշափեց ձուն և մաքրեց կեղևն ու տեսավ, որ ձուն պնդացել էր: Վերջում նա մոր խնդրանքով սուրճն ըմպեց և ժպտալով ասաց, որ սուրճը համեղ և բուրավետ էր: Հետո հարցրեց.
– Մայրիկ, իսկ ինչո՞ւ ինձ խնդրեցիր դրանց ձեռք տալ, փորձել:

Մայրը պատասխանեց.

– Աղջիկս, թե գազարը, թե ձուն և թե սուրճը ենթարկվեցին նույն փորձություններին՝ ջրում եփվեցին, բայց դրանցից յուրաքանչյուրը փորձությանը յուրովի հակազդեց: Նախքան եփվելը գազարը պինդ ու ամուր էր, սակայն եփվելուց հետո թուլացավ, փափկեց, իսկ ձուն նուրբ և փխրուն էր, սակայն եփվելով՝ պնդացավ. նրա բարակ կեղևը նրան պաշտպանեց, ամրացրեց: Սուրճի աղացած հատիկներն էլ ջրում եփվելուց հետո փոխեցին ջրի որակը և ջրին նոր համ և բույր տվեցին:
– Իսկ դո՞ւ, աղջիկս, դրանցից ո՞րն ես, – շարունակեց մայրը: – Երբ փորձությունը բախում է դուռդ, ինչպե՞ս ես արձագանքում. գազարի՞, ձվի՞ թե՞ սուրճի հատիկների նման: Մտածիր այդ մասին:

Իսկապես, այդ երեքից ո՞րն ենք մենք: Արդյո՞ք գազարի նման պինդ ենք, սակայն յուրաքանչյուր ցավի և դժվարության հանդիպելիս թուլանում ենք, մեր ուժը կորցնում, վհատվում: Թե՞ ձվի նման ենք. սկզբում լինելով թույլ, նրբազգաց՝ փորձությունների դիմագրավելիս ամրանում, թրծվում ենք: Արդյո՞ք ոգով թույլ ենք, սակայն կորստի, ցավի, ֆինանսական, առողջական կամ այլ խնդիրների դեպքում կոտրվելու փոխարեն ավելի դիմացկուն ենք դառնում: Միգուցե արտաքուստ մնում ենք նույնը՞, բայց ներքուստ դառնանո՞ւմ, իսկ մեր սիրտը՝ քարանո՞ւմ, անտարբե՞ր դառնում: Կամ էլ՝ գուցե նման ենք սուրճի աղացած հատիկների՞ն, որոնք փորձության արդյունքում փոխեցին ջրի համն ու բույրը, այսինքն՝ հենց անբարենպաստ հանգամանքները՝ ցավը, խնդիրները, դժվարություններն առաջացրեցին դրական փոփոխություն: Եթե նման ենք սուրճի հատիկներին, ապա անբարենպաստ հանգամանքներում դրսևորում ենք մեր լավագույն կամային հատկանիշները, կոփվում և փոխում իրավիճակը՝ դարձնելով այն նպաստավոր:

Երբ մեր կյանքի առավել դժվար պահերն են և փորձություններն՝ անպակաս, արդյո՞ք պայքարում ենք, հասնում նոր՝ ավելի բարձր մակարդակի: Ինչպե՞ս ենք դիմակայում խոչընդոտները: Պարտադիր չէ, որ երջանիկ մարդիկ ունենան լավագույն բաները: Նրանք ուղղակի ամեն ջանք գործադրում են՝ իրենց ճանապարհին հանդիպած ամեն բան բարենապաստ, ավելի լավը դարձնելու համար: Փորձությունները զորացնում են մեր հոգին:

Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս