«Այն, որ իշխող Հանրապետականը հաղթեց, դրա մեջ տրամաբանություն կար». քաղաքագետ

Վերջին շրջանում Հայաստանի տնտեսության, կառավարման տարբեր ոլորտներում իրականացրած բարեփոխումներն ու վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը նպաստեց ՀՀԿ-ի հաղթանակին: Վերլուծելով ընտրական գործընթացները «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նման արդյունքները սպասելի էին:

«Բոլոր վերլուծաբանները, հետազոտական կենտրոնները մեծամասամբ կանխատեսում էին նման արդյունքներ: Այն, որ իշխող Հանրապետականը հաղթեց, դրա մեջ տրամաբանություն կար: Վերջին շրջանում նոր վարչապետի նշանակումը, բարեփոխումները, հարկային բեռի թեթևացմամբ, նոր տնտեսավար մեթոդների, հարկային, մաքսային նոր քաղաքականության կիրառումը նպաստեց դրան: Մենք տեսանք, որ ոչ թե խոստումներ են, այլ ռեալ միջոցառումներ են իրականացվել: Այդ ամենը էականորեն բարձրացրեց կառավարող քաղաքական ուժի ռեյտինգը»,-ասաց Գարիկ Քեռյանը:

Նա կարևորեց վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը: Նրա կերպարն ու աշխատանքի մեջ նոր մոտեցումներն իրենց խոսքն ասացին:

«Կես տարուց ավելի հասարակության հետ նրա շփումները ընտրողների շրջանում արմատավորեցին այն հավատը, որ կառավարող քաղաքական ուժը գնալու է արմատական բարեփոխումների սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար»,-ասաց նա:

Գարիկ Քեռյանի համար կանխատեսելի էր նաև «Ծառուկյան» դաշինքի երկրորդ տեղում հայտնվելը, որովհետև քաղաքական ուժի իմիջն ամբողջությամբ հենվում է Գագիկ Ծառուկյանի` որպես բարերարի, գործարարի խարիզմայի վրա:

«Նախորդ 10-15 տարիների ընթացքում կատարված բարեգործությունը շատ լուրջ քաղաքական կապիտալ էր կուտակել նրա համար: Բնականաբար, սպասումներն այս քաղաքական ուժից մեծ էին: Շատերը մտածեցին, որ Ծառուկյանը, լինելով խորհրդարանում, կկարողանա այս ոճով աշխատել: Այդ համոզմունքը շատերին տարավ ընտրատեղամաս և քվեարկեցին Ծառուկյան դաշինքի օգտին»,-ավելացրեց նա:

Անդրադառնալով «Ելք» դաշինքին` քաղաքագետը նշեց, որ այս ուժի ակտիվ քաղաքական, քարոզչական աշխատանքը վերջին ամիսներին շատ արդյունավետ էր: Առաջ քաշվող լոզունգները լսելի էին, հատկապես հակակոռուպցիոն աշխատանքների խորացման, որոշ բնագավառներում բարեփոխումների իրականացման համատեքստում:

«Բայց ավելի շատ ոչ թե «Ելք»-ի ծրագրային դրույթներին ժողովուրդը ձայն տվեց, այլ «Ելք»-ի անդամների անձնական խարիզմային: Տարիներ շարունակ լինելով քաղաքական դաշտում` Նիկոլ Փաշինյանը քաղաքական լուրջ իմիջ ունի, Էդմոն Մարուքյանը խորհրդարանում շատ սկզբունքային և արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալեց, հասարակության շրջանում մեծ աջակցություն գտավ, հատկապես դա երևաց Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Արամ Սարգսյանն էլ քաղաքական դաշտի հնաբնակներից է, քաղաքականության մեջ դեռ չվարկաբեկված անձնավորություն: Այս 3 լիդերների ներդաշնակ գործունեությունը, քաղաքական իմիջը, ապահովեց, որ ուժն անցնի 7 տոկոսի սահմանագիծը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա քաղաքագետը նշեց, որ արդեն տարիներ շարունակ այս ուժը պտտվում է 5 տոկոսի շուրջը, այն ունի իր կայուն ընտրազանգվածը` կապված համազգային խնդիրների հետ: Նրա համար փոքր-ինչ զարմանալի էր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի և «Հայկական վերածնունդ»-ի խորհրդարանում չհայտնվելը:

Տեսանյութեր

Լրահոս