Ո՞ւր կորան արևմտամետ ընտրազանգվածի ձայները

«Արևմտամետ ընտրազանգվածի ձայները փոշիացան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Նա արձանագրեց, որ Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն՝  բնակչության 20-25%-ն արևմտամետ կողմնորոշում ունեցող ընտրազանգվածն է։

«Կարծում եմ, որ անսպասելի էր, որ գլխավոր արևմտամետ ուժը, որի ծրագիրը հստակ արևմտամետ էր, «Ազատ դեմոկրատները» ստացավ ձայների շատ փոքր տոկոս։ Ո՞ւր կորավ այդ ընտրազանգվածը, դեռ պետք է ուսումնասիրել։ Կարծում եմ, որ այդ ընտրազանգվածի ձայների փոշիացում է տեղի ունեցել։ Նրանց մի մասը քվեարկել է «Ելքի» օգտին, որի որոշ անդամներ հռչակում էին արևմտամետ նկրտումներ, մյուս մասը, չեմ բացառում նույնիսկ, որ քվեարկել է ՀՀԿ-ի օգտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետականների վարչապետի իմիջը ժողովրդավարական էր, նա ողջ  քարոզարշավն արևմտյան ոճով վարեց հիմնականում»,- նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգը։

Իր հերթին՝ «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը  ևս տարօրինակ համարեց արևմտամետ ձայների ճակատագիրը։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արևմտամետ ընտրազանգվածի մի մասն իր ձայնը տվել է  ՀՀԿ-ին, մյուս մասը՝ «Ծառուկյան» դաշինքին։

Կարդացեք նաև

«Ակնհայտ է նաև, որ  այդպիսի որոշում է կայացվել, քանի որ  այդ կուսակցությունները, լինելով Ռուսաստանի գործընկերները, 2008թ. սերտ հարաբերություններ ունենալով ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, հռչակել էին նաև բազմավեկտոր քաղաքականություն, որի էությունը հանգում է հետևյալին՝ ավելի շատ անվտանգություն Հայաստանին, ավելի շատ  երաշխիքներ Հայաստանին, որպեսզի  ներքաղաքական էքստրեմալ որոշումներ կայացնելու անհրաժեշտւթյունից մանևրելու հնարավորություն լինի։

Ուզում եմ ասել, որ ՀՀ-ում  ճնշող մեծամասնությունը հիանալի հասկանում է, որ  աշխարհն անհանգիստ է, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթանում է  քաղաքակրթական  հակամարտություն, սա պատժամիջոցների պատերազմ է, սա պատերազմ է, այս պատերազմում պետք է լինել թափանցիկ, հասկանալի գործընկերների համար, չպետք է հավելյալ խնդիրներ ստեղծել միջազգային արենայում, բայց նաև  պետք է հասկանալ, որ  բազմավեկտոր քաղաքականություն է պետք, և այն  այդ փոքրաթիվ հասարակության սրտով է»,- ասաց Արամ Սաֆարյանը։

Տեսանյութեր

Լրահոս