«Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև». Կարեն Կարապետյան

Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է տեսնում ռուս-հայկական համագործակցության ապագան, ինչ է փոխվել երկրում Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո և ինչու Երևանը չգնաց Եվրամիության հետ ասոցացման:

«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Մենք հասկանում ենք, որ որքան հեռու են ձգվում ԵԱՏՄ-ի հնարավորությունները և առավելությունները, այնքան ավելի լավ և՛ Հայաստանի, և՛ միավորման այլ երկրների համար»,-  շեշտել է Հայաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ բիզնեսի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար գրավիչ հանգամանք է նախևառաջ խոշոր և հասկանալի շուկան:

Մտնելով ԵԱՏՄ՝ Հայաստանը դարձել է 183 միլիոն բնակչություն ունեցող շուկայի՝ «ակումբի» անդամ, որը «մեզ է հասկանալի, որին հասկանալի ենք մենք»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի տրամաբանությունը բացարձակ պրագմատիկ է, երկրները դառնում են հնգյակ, որը միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն այնտեղ հաջողություն ունենալու համար, ասել է Հայաստանի վարչապետը: «ԵԱՏՄ-ում առկա պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք: Միությանն անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ: Մեր պ ատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, ինչի առնչությամբ հարկավոր է նշել, որ վիճակագրական տվյալներով, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ՀՆԱ-ն աճ է գրանցել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա հարկավոր է նշել, որ ԵՄ-ն Հայաստանում ամենախոշոր դոնորներից և ներդրողներից մեկն է, և խորացնելով գործընկերությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ՝ մենք չենք դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մենք չունենք համագործակցության, ներդրումների և Եվրամիության հետ երկխոսության վերաբերյալ սահմանափակումներ: Այս պահին մենք վարում ենք բաց և թափանցիկ երկխոսություն եվրոպացի գործընկերների հետ: Մենք տեսնում ենք մեզ որպես այդ երկու շուկաներն իրար մոտեցնող, այլ ոչ բաժանող երկիր»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս