««Ելքը» կարողացավ կենտրոնացնել ընդդիմադիր ձայները, իսկ «Ազատ դեմոկրատներին» դա չհաջողվեց». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը քիչ ձայն հավաքեց հենց Արցախի հարցի լուծման իր բանաձևի պատճառով, քանի որ հասարակությունը, ըստ նրա՝ հիմա դեմ է այն թեզին, որն առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ապրիլյան դեպքերից, սահմանային լարվածության աճից հետո, Ադրբեջանում առկա հայաֆոբիայից հետո այդ թեզը դիմադրության արժանացավ։ Հասարակության մեջ արմատացած է այն հասկացությունը, որ հիմա բանակցության համար գործընկեր չունենք»։
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, նա հետևյալը նշեց. «Հայաստանում կան օնլայն և օֆլայն ընտրողներ։ Այդ տարբեր ընտրողները մեզ մոտ միշտ էլ եղել են։ Նրանք, որոնք անընդհատ երևում են մեդիահարթակներում, որոնք ակտիվ են սոցցանցերում, ընտրողների մի տեսակ են, իսկ ամբողջ երկիրը՝ այլ։
«Ազատ դեմոկրատները» շատ լավ տեսանելի են օնլայն ռեժիմում, և, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ՝ օֆլայնում։ Հայ հասարակությունն այդքան էլ լավ չի պատկերացնում՝ ինչ է Արևմուտքը, ինչ է Եվրոպան, նույնիսկ նրանք, որոնք իրենց արևմտամետ են համարում, հաճախ Արևմուտքի կառուցվածքը շատ վատ են հասկանում։ Եվ ահա «Ելքը» կարողացավ կենտրոնացնել ընդդիմադիր ձայները, իսկ «Ազատ դեմոկրատներին» դա չհաջողվեց։ Նրանց ծրագիրն ավելի շատ պոզիտիվ էր, քան նեգատիվ, իսկ Հայաստանի գաղափարական դիսկուրսում դա հիմնականում պարտվում է։ Այստեղ հաղթում են նրանք, ովքեր դեմ են, այլ ոչ թե՝ կողմ»։
Ինչ վերաբերում է «Հայկական Վերածնունդ» կուսակցության պարտությանը, ապա նա դա պայմանավորեց Ծառուկյանի գործոնով և նրանով, որ ՀՀԿ-ն հավաքել է ոչ թե՝ 40, այլ՝ 50 տոկոս. «Դրանք նույն հարթությունում են աշխատում։ Ավելին, Ծառուկյանն ունի լավ տարածքային կլաստերներ, որոնցով կարող է հաղթել։ Բաղդասարյանը ևս ունի որոշ տարածքներ, որոնց ռեսուրսները կարող է օգտագործել, բայց քանի որ ՀՀԿ-ն հավաքեց ավելին, նրանց ձայները չբավարարեցին»։