
«իմ կինը չի դատապարտվի». Ֆիյոն

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը BFMTV հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ իր կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին, մեղավոր չեն ճանաչի։
«Դա տեղի չի ունենա, որովհետեւ իմ կինը չի դատապարտվի»,-հայտարարել է Ֆիյոնը ի պատասխան հաղորդավարի այն հարցին, որ եթե նա հաղթի նախագահական ընտրություններում, բայց դատարանը նրա կնոջը մեղավոր ճանաչի, արդյոք քաղաքական գործիչը հրաժարական կտա:
«Եթե ես թեկուզ ամենափոքր կասկածն ունենայի իմ մեղավորության հարցում, ես չէի դառնա նախագահական ընտրությունների թեկնածու»,-նշել է Ֆիյոնը: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:
Հունվարի վերջին Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ էր ստանում, սակայն «իրական որեւէ աշխատանք չէր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:
Ֆիյոնն ինքը պնդում է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: