Բաժիններ՝

ԵԱՀԿ դիտորդները դրական են գնահատում քվեարկության ընթացքը

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում ժամը 12:00­-ի դրությամբ գտնվող ԵԱՀԿ դիտորդները ընտրական գործընթացը դրական են գնահատում:

«Արդեն մի քանի ընտրատեղամասում եղել ենք, ընդհանուր առմամբ՝ տպավորությունները դրական են, դեռ էական խախտումներ չենք գրանցել»,­-ասաց գերմանացի դիտորդ Էլվիրա Դրոբինսկին:

Ռումինիայից Պետրու Մովիլան էլ նշեց, որ որոշ տեխնիկական հարցեր կան, սակայն, ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացը լավ է կազմակերպված:

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշ՝ ոչ այնքան դյուրին պահեր կան, սակայն, ընդհանուր առմամբ, գործընթացը դրական է կազմակերպված»,­ասաց ռումինացի դիտորդը: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 8:00-­ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00­-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանում է 120 լրատվամիջոց և ընթացքին հետևում է 55 դիտորդական կազմակերպություն: Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ` Հայաստանի
Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-­Րաֆֆի-­Օսկանյան» և «Կոնգրես-­ՀԺԿ» դաշինքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս