Բաժիններ՝

Hurriyet. «Հանելուկ կա, երեխաներ. ինչպե՞ս կքվեարկի Աբդուլլահ Գյուլը»

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որի արդյունքում կորոշվի Թուրքիան մնալու է խորհրդարանական երկիր, թե անցում է կատարելու պետական կառավարման համակարգի նախագահական մոդելին:

«Hurriyet» պարբերականում սյունակ վարող, թուրք անվանի լրագրող և վերլուծաբան Ահմեթ Հաքանը անդրադարձել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին և առաջիկա հանրաքվեին նրա մասնակցությանը: «Հանելուկ կա, երեխաներ. ինչպե՞ս կքվեարկի Աբդուլլահ Գյուլը» հոդվածում հիշեցնում է, որ երկրի կառավարման նախագահական համակարգի վերաբերյալ Գյուլը դեռ 2015 թվականին բառացիորեն ասել էր հետևյալը.

«Թուրքական տիպի նախագահական համակարգ ունենալու անհրաժեշտություն չկա: Եթե դա կլինի այնպես, ինչպես Միացյալ Նահանգներում է, որտեղ իշխանությունների տարանջատումը պարզորոշ և հստակ ամրագրված է: Եվ եթե լինի առաջադեմ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրենքի գերակայություն, ապա անկասկած դա կլինի դեմոկրատական համակարգ»:
Հաքանը նկատել է տալիս, որ հիմա շատ են ենթադրություններ կամ հարցադրումներ անում Թուրքիայի նախկին նախագահների հնարավոր դիրքորոշումների մասին: Ինչպես օրինակ. եթե Աթաթուրքը կենդանի լիներ, այո կասե՞ր, թե՞ ոչ: Կամ եթե ողջ լիներ Օզալը, կհամաձայնե՞ր արդյոք: Իսկ ի՞նչ մոտեցում կունենար Դեմիրելը, եթե մահացած չլիներ: Թյուրքեշը հիմա եթե ապրելիս լիներ, հանրաքվեում այո-ական կլինե՞ր, թե՞ ոչ-ական:

«Այսպես անվերջ կարող ենք ենթադրություններ անել,- գրում է Հաքանը,- ահա խնդրեմ, նրանցից մեկը ողջ է ու մեր կողքին է՝ Աբդուլլահ Գյուլը: Արդեն կարդացիք իր ասածը 2015 թվականին: Դե հիմա ասացեք ինձ խնդրում եմ, Աբդուլլահ Գյուլի քվեն այո՞ կլինի, թե՞ ոչ»:

Աղբյուր` Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս