Հայաստանում բացվել են տեղամասերը. խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է
Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:
Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: