Կատարված և խոստացվող ներդրումների մասին
Այս ընտրարշավի ամենամոդայիկ խոստումներից մեկը դարձել են օտարերկրյա ներդրումները։ Գրեթե բոլորը ներդրումներ են խոստանում. ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ, ոմանք կոնկրետ թվեր են նշում, ոմանք՝ ոչ։
Կարելի է ասել՝ ներդրումային «մոդայի» հիմքը դրեց ՀՀԿ-ն՝ ի դեմս նոր կառավարության։ Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին քայլերից մեկը, ինչպես հիշում եք, Էկոնոմիկայի նախարարության վերանվանումն էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության։ Նոր կառավարությունը շեշտն ի սկզբանե դրեց ներդրումների վրա, որովհետև այլ ելք չկար։ Հնարավոր չէ միաժամանակ և՛ օպտիմալացում անել, անցնել բյուջետային ծախսերի կրճատման, և՛ տնտեսական աճ ապահովել ներքին ռեսուրսների հաշվին։
Հիշեցնենք, կառավարությունը խոստացել է 3,2 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում՝ 5 տարիների ընթացքում, որից 840 մլն դոլարը պետք է իրականացվի արդեն այս տարի։ Այս տարվա ներդրումների մասով նշվել են ուղղությունները, և որոշ ծրագրերի դեպքում՝ նաև ֆինանսավորման աղբյուրները։
Իսկ օրեր առաջ բացվեց Ներդրողների ակումբը, որը ՀՀԿ-ի և գործող կառավարության հաղթաթղթերից է։ Հիմնականում ռուսաստանյան կապիտալը ներկայացնող հայազգի գործարարները խոստացան ներդրումներ կատարել Հայաստանում։
Ընտրություններին մասնակից մյուս ուժերը նույնպես կարևորում են ներդրումները, սակայն՝ առանց կոնկրետության. հիմնական ասելիքն այն է, որ իրենց իշխանության գալու դեպքում կհաստատվի օրենքի իշխանություն և առողջ մրցակցային միջավայր, ինչը, բնակաբար, կնպաստի ներդրումների հոսքին։ Ներդրումների մասին ընդդիմադիր ուժերն ավելի շատ խոսում էին մեկ այլ կոնտեքստում՝ կասկած էին հայտնում կառավարության խոստացած թվերի վերաբերյալ։ Ու մինչ որոշ ուժեր անիրատեսական էին համարում 3.2 մլրդ դոլարի ներդրումների խոստումը, հնչեց մեկ այլ՝ հնգապատիկ ավելի տպավորիչ թիվ՝ 15 մլրդ դոլարի ներդրումների խոստում։ Այդ թիվն օրերս հնչեցրեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Իմ գործընկերները, տեսնելով ժողովրդի անվերապահ հավատն իմ նկատմամբ և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրը զանգելով՝ ասել են, որ՝ պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 մլրդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում: Ես ազնվությամբ ասեմ՝ ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է մարդու պահվածքից, վստահությունից: Ես դեռ չեմ դիմել ոչ մեկին, որ դիմեմ, շատ ու շատ ընկեր ունեմ աշխարհով մեկ, ներդրում կանեն: Բայց դա գալիս ա իմ պահվածքից, իմ հզորությունից, հարգանքից»,- ասաց Ծառուկյանը:
3.2 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանի տնտեսության համար մեծ թիվ է։ Սակայն 15 մլրդ դոլարը հսկայական է։
Մենք ներդրումներին վերաբերող մի քանի տվյալներ կներկայացնենք, որպեսզի ավելի պարզ լինի՝ խոսքն ինչի մասին է։
Այսպես, 1992-2016 թվականների ընթացքում՝ նորանկախ Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում, Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը չի գերազանցել 7 մլրդ դոլարը (սա՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների)։
Մեկ այլ տվյալ՝ այս անգամ Ազգային վիճակագրական ծառայությունից։ 1988թ. մինչև 2016թ. սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի հանրագումարը կազմել է 5.9 տրիլիոն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 12.4 մլրդ դոլար)։ Այդ թվում՝ ուղղակի ներդրումների հոսքը՝ 3,4 տրիլիոն դրամ։
Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարներին, ապա նույն ժամանակահատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների գծով այդ ցուցանիշը կազմել է մոտ 2,5 տրիլիոն դրամ։
Կարճ ասած՝ Գագիկ Ծառուկյանը խոստանում է ավելի շատ օտարերկրյա ներդրումներ բերել Հայաստան, քան մեր երկիրն ունեցել է իր գոյության ընթացքում։
Որտեղի՞ց են գալու այդ ներդրումները՝ նա չի հստակեցրել։ Միայն նշել է. «Աստծո կամոք, որ եկավ հաղթելու ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն: Իհարկե, էդ բոլորի ներկայացուցիչը պարոն Ծառուկյանն է՝ իր պահվածքով, իր հարգանքով»:
Նաև պարզ չէ, թե այդ ներդրումները որքան ժամանակում են կատարվելու՝ միանգամի՞ց՝ նույն տարում, թե՞ աստիճանաբար։ Իհարկե, մեկ տարում նման գումարի մուտքը խիստ անհավանական է (մեր տնտեսությունն էլ չի կարող այդքան մարսել)։ Դրա համար ենթադրենք, որ նա նկատի ունի՝ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Ստացվում է՝ ամեն տարի Հայաստանի տնտեսության մեջ կատարվելու է 3 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում։
3 մլրդ դոլարը մեր ՀՆԱ-ի 30%-ն է։ Այսինքն՝ խոստացվում է ամեն տարի ապահովել ՀՆԱ-ի 30%-ի չափ ներդրումներ։ Դա մե՞ծ ցուցանիշ է։ Պատկերացնելու համար ավելի լավ է աչքի անցկացնեք Համաշխարհային բանկի գծապատկերը (N 1)։ Այդտեղ ներկայացված է Հայաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը 1992-2015 թվականների համար։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1998 թվականին՝ 11.7%: Մնացած ու հատկապես վերջին տարիներին, ինչպես տեսնում եք, այդ ցուցանիշը շատ ցածր է։ 2015-ին Հայաստանում այդ հարաբերակցությունը կազմել է 1.7%։
Նշենք, որ 2015 թվականի տվյալներով՝ աշխարհում այդ ցուցանիշը 2.8% է, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (որի մեջ մտնում է Հայաստանը)՝ 3.6%, փոքր երկրներում (որոնց մեջ նույնպես մտնում է Հայաստանը)՝ 4.3%։
Մեր հարևաններից Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը 2015 թվականին կազմել է 11.2%, Ադրբեջանում՝ 7.6%։ Աննորմալ ցուցանիշ՝ 54-55%, գրանցվել է միայն Ադրբեջանում 2003-2004 թվականներին, ինչը պայմանավորված էր նավթարդյունահանման ոլորտում կատարված հսկայածավալ ներդրումներով։
Այս թվերը մտքում ունենալով՝ կարելի է հասկանալ՝ ինչ է՝ նշանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք/ՀՆԱ 30% հարաբերակցություն։
Եթե սա էլ բավարար չէ պատկերացնելու համար, ապա կարող եք աչքի անցկացնել նաև 2 գծապատկերը, որտեղ ներկայացված են ՀՀ տնտեսությունում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքերը։ Ինչպես տեսնում եք, առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2009 թվականին՝ 943.7 մլն դոլար։ Իսկ օրինակ՝ 2015 թ. այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 178.5 մլն դոլար (2016-ին՝ ավելի քիչ)։
Այս թվերն ու գծապատկերները ներկայացրինք, որպեսզի ընթերցողն ավելի լավ պատկերացնի խոստացված թվերի լրջությունը։ Մենք գնահատականներ չենք տալիս՝ իրատեսակա՞ն են խոստումները, թե՞ ոչ։ Մենք պարզապես հնարավորություն ենք տալիս հնչող թվերը համեմատել փաստացի արդյունքների հետ և ինքնուրույն եզրակացություններ անել։