Ինչո՞ւ Արևմուտքը դեմ չէ «Լավրովի պլանին»
««Լավրովի պլանում» անակնկալներ չկան Հայաստանի, Ադրբեջանի և Արևմուտքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Վալդայ» փորձագիտական ակումբի անդամ, գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի երևանյան ասուլիսի ուշագրավ հատվածներին։
Հիշեցնենք, որ Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նախօրեին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս օրակարգի վերաբերյալ ուշագրավ խաղաքարտեր է բացել։
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա տեղեկացրել է, որ բանակցային սեղանին, թեև, նրա խոսքով, բանակցությունները դանդաղել են, որոնք վերսկսելու համար հակամարտող երկրները պետք է քաղաքական կամք դրսևորեն, մի շարք ուշագրավ ծրագրեր կան։ Նրա ակնարկներով, խոսքը ոչ միայն անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման մասին է, այլև՝ կարգավորման փաթեթի, առաջարկի, որը, նրա հավաստիացմամբ, ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրների հավանությունը։ Ամենաուշագրավն այն էր, որ ամերիկացի համանախագահն ըստ էության չհերքեց այն ծրագրի առկայությունը, որի մասին խոսվում է վերջին մեկուկես տարվա ընթացքում, և որը ստացել է «Լավրովի պլան» անվանումը։ «Մենք դա չենք անվանում Լավրովի պլան»,- ասել է Հոգլանդը։
Ալեքսանդր Ռարն ասաց, որ Հոգլանդի փոխանցած մանրամասները հետաքրքիր պատկեր են ստեղծում, ինչը նաև բացատրելի և ենթադրելի էր։ Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ քննարկվում էր «Լավրովի պլանը», տպավորություն էր ստեղծվում, թե Արևմուտքը դեմ է այս առաջարկին, այնինչ Հոգլանդի մեկնաբանությունների տողատակերում տեսանելի է հետևյալը՝ Արևմուտքը դեմ չէ, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի այն փաթեթով, որը մշակել է ռուսական կողմը։
Ըստ նրա՝ ուշագրավն այն է, որ, փաստորեն, Արևմուտքը դեմ չէ և արտահայտվում է այդ մասին, քանի որ այդ նոր փաթեթը, ըստ էության, կազմված է այն սկզբունքներից, որոնք արդեն իսկ հայտնի են այս հակամարտությամբ զբաղվող փորձագետներին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին։ Նրա որակմամբ՝ այդ փաթեթում անակնկալներ չկան, ինչի մասին ևս Հոգլանդն ակնարկեց։
«Այսինքն՝ ընդհանուր առմամբ խոսքը Մադրիդյան սկզբունքների կամ հղկված Կազանյան առաջարկի մասին է, որը ևս ռուսական նախաձեռնություն էր։ Ինչո՞ւ պետք է Արևմուտքը համերաշխ չլինի Ռուսաստանի հետ այս հարցում։ Արևմուտքի հետաքրքրությունը հասկանալի է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանն իր հերթին՝ Արևմուտքի հետ սրված հարաբերությունների ֆոնին, ինչը շատ փորձագետներ այլևս նոր սառը պատերազմ են որակում, իրեն ջանում է դրսևորել՝ որպես կառուցողական միջնորդ։ Ռուսաստանը ներկայումս նույնիսկ կշահեր, եթե հակամարտությունը կարգավորվեր այս պլանի համաձայն, ինչն ամբողջությամբ կդառնար ռուսական դիվանագիտության հաղթանակը և միակ հաղթանակներից մեկը վերջին տարիների ընթացքում, ինչն իսկապես անհրաժեշտ է Ռուսաստանին։
Այս ամենը ցույց է տալիս նաև, որ Ղարաբաղի հարցի շուրջ, ի տարբերություն մի շարք այլ գոտիներում առկա խնդիրների, Ռուսաստանի և Արևմուտքի՝ այս դեպքում խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի մասին է, կա լուրջ փոխըմբռնում, ինչը չկա հայ-ադրբեջանական կողմում, ինչի պատճառով այս փաթեթը ևս, ամենայն հավանականությամբ, կտապալվի»,- ասաց Ալեքսանդր Ռարը։
Նրա գնահատմամբ՝ դրական հանգամանք է, որ անկախ սառը պատերազմից՝ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը կառուցողական են Ղարաբաղի շուրջ, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս բավականին անկայուն և անորոշ փուլում են, երբ չեն բացառվում նոր սրացումները։ «Ուստի պետք է արժանին մատուցել այս ամենի համար համանախագահներին, որոնք բարձր ճկունություն են ցուցաբերում»,- նշեց Ռարը։