Բաժիններ՝

«Սովորաբար երիտասարդներն են թարմ մտքեր բերում, բայց նաև կան բացառություններ». Գագիկ Մինասյան

Իշխող Հանրապետական կուսակցությունը հայտարարում էր, թե իշխանափոխություն է անում ներսից, տեղ են տալու նոր դեմքերին, երիտասարդ ուժերին`  նոր, թարմ գաղափարներով: Սակայն ՀՀԿ ցուցակում, շատ թե քիչ, նոր, թարմ ուժերն առաջին տասնյակում են, իսկ երկրորդ էշելոնում խորհրդարանի «ծերուկներն» են, նրանք, որոնք 20 և ավելի տարիներ հաստատվել են ԱԺ-ում և ոչ մի կերպ չեն ուզում «լքել խրամատները»` Գալուստ Սահակյան, Նաղդալյան, Գագիկ Մինասյան  և այլք:

168.am-ը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ՀՀԿ-ն երիտասարդանալու, եթե ԱԺ-ի մշտաբնակները չեն ցանկանում լքել իրենց աթոռները:

«Խնդիրը հետևյալն է, որ շատ հաճախ ասում ենք, որ պետք է գան նոր մարդիկ, որոնք պետք է թարմություն մտցնեն՝ խորհրդարանական գործունեության հետ կապված: Այո, դա այդպես է: Սակայն թարմություն միայն տարիքով չեն մտցնում: Սովորաբար երիտասարդներն են թարմ մտքեր բերում, բայց նաև կան բացառություններ: Կարող է երիտասարդը թարմ միտք չունենա, և ճիշտ հակառակը` մեկը, որ, ասենք, վաղուց աշխատում է խորհրդարանում, բազմաթիվ առաջարկություններ է անում և էլի ունի առաջարկություններ»,- ասաց Գ. Մինասյանը:

Ըստ նրա` հենց իր ղեկավարած հանձնաժողովում իրականացվել և իրականացվում են ծրագրեր, որոնք իր նախաձեռնությամբ են եղել, և էլի մի քանի ծրագրեր պետք է իրականացվեն, որ դեռ չեն սկսվել, բայց նախատեսված են:

Գ. Մինասյանը թվարկեց առաջին խումբը. «Առաջինը` բյուջետային գրասենյակի ծնունդը, որը խորհրդարանական վերահսկողության իրականացման ամենակարևորագույն գործիքն է և ընդդիմության համար ինֆորմացիայի կարևորագույն աղբյուրը: Այս հարցում ունենք մի քանի ծրագրեր, որպեսզի գրասենյակն ավելի ուժեղացնենք և տանք լրացուցիչ լիազորություններ: Երկրորդ` ծրագրային բյուջետավորման ներդրումը, որը շուրջ 10 տարի ընթանում է, և վերջին 3-4 տարիների ընթացքում խորհրդարանը ևս սկսեց այդ բնագավառում աշխատանքներ կատարել:

Միջազգային փորձը ցույց է տվել, որ, եթե խորհրդարանը չի դառնում այդ մեծ նախաձեռնության պատվիրատուն, այն մահանում է, և մենք ևս 2 տարի պետք է շարունակենք, որ 2019թ.-ին 100%-անոց ծրագրային բյուջետավորում անենք: Երրորդ` նոր Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատը դառնում է հաշվեքննիչ պալատ, և դրա հետո կապված օրենքի նախագիծ է մշակվել մեր հանձնաժողովում` իմ գլխավորությամբ: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց, մնացած աշխատանքները պետք է իրականացնենք եկող գումարման ԱԺ-ում, եթե ընտրվեմ»:

Գ.Մինասյանը նշեց նաև իր նոր ծրագրերից երկուսը, որ պետք է շրջանառվեն հաջորդ գումարման ԱԺ-ում. «Պետք է ստեղծել մարմին, որը կկարգավորի ԱԺ-ի ու հաշվեքննիչ պալատի համագործակցությունը, այսինքն` պետք է ստեղծվի հանրային հաշիվների ենթահանձնաժողով մեր հանձնաժողովի կազմում (քանի որ հանձնաժողովները շատ են), որը կներդաշնակեցնի այս երկու կառույցի աշխատանքը: Նաև նոր Սահմանադրությամբ ԱԺ-ին տրված են վերահսկողական գործառույթներ, որոնցից ամենակարևորը հետօրենսդրական վերահսկողությունն է, որ խորհրդարանը, անհոգ մոր նման, չի հետևում իր ծնած զավակների` օրենքների ճակատագրին: Կա գաղափար, որ ուզում եմ իրականացնենք, որ գլխադասային հանձնաժողովներն ինչ-որ մի մեխանիզմով պարբերաբար ուսումնասիրեն, թե ծնված օրենքները կյանքում ինչ խնդիրների են հանդիպել, գուցե խնդիր կա, որ գործադիրը չի էլ ուզում ուղղի»:

«Ես շատ ջանք պետք է ներդնեմ, որ պատգամավոր ընտրվելու դեպքում այս գաղափարները կյանքի կոչեմ: Այսինքն` իսկապես նոր գաղափարներով մարդկանց մուտքը խորհրդարանում անհրաժեշտ է, բայց միայն երիտասարդները չէ, որ ունեն այդ հնարավորությունները»,- հավելեց Գ.Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս