
Արյան վարակման դեմ պայքարի արդյունավետ եղանակը գտնվել է

Ամերիկացի բժիշկ Փոլ Մարիկը պնդում է, որ արյան վարակման դեմ պայքարի արդյունավետ եղանակ է գտել վիտամին C-ի լուծույթի ներերակային ներարկման միջոցով:
Եթե այս փաստը հաստատվի, ապա, մասնագետների խոսքով՝ որոնց հետ կապվել է ԱՄՆ-ի Հանրային ռադիոն՝ NPR-ը, դա վիթխարի գործնական նշանակություն կունենա: Նա ինքը ՏԱՍՍ-ին պատմել է, թե շատ ուրախ կլինի, եթե իր հայտնագործությունն օգնի պահպանելու մարդկանց առողջությունն ամբողջ աշխարհում։
«Դա բացառիկ պնդում է, եթե հաշվի առնենք, որ մեկ տարում արյան վարակում է առաջանում 1 միլիոն ամերիկացիների մոտ, եւ նրանցից մոտավորապես 300 հազարը մահանում է»,-նշում է NPR-ը:
«Եթե հետագա հետազոտությունների ընթացքում պարզվի, որ դա ճիշտ է եւ որ դա կարելի է հաստատել, ապա դա կունենա արտակարգ, վիթխարի նշանակություն»,-ասել է վիրաբույժ պրոֆեսոր Քրեյգ Քուփերսմիթը Էմորիի համալսարանից՝ սեպսիսի առաջատար հետազոտողներից մեկը:
Մարիկի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել է Chest հանդեսում՝ կրծքավանդակի հիվանդությունների մասնագետների միավորման պաշտոնական օրգանում: