Փողի ներհոսքն ավելացել է
2 տարվա անկումային շրջանից հետո բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները (կամ ինչպես ընդունված է ասել՝ տրանսֆերտները) կարծես թե վերականգնման նշաններ են ցույց տալիս։
Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2017 թվականին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 84 մլն 328 հազար դոլար՝ նախորդ տարվա հունվարի 62 մլն 516 հազար դոլարի դիմաց։
Այսինքն, փոխանցումների ներհոսքն աճել է 21.8 մլն դոլարով կամ շուրջ 35%-ով։
Հիշեցնենք, որ դրամական փոխանցումների ներհոսքը սկսեց նվազել 2014 թվականի վերջից և շարունակվեց 2015, 2016 թվականներին։ Նվազումը պայմանավորված էր նախևառաջ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, նավթի գների անկմամբ և ռուբլու կտրուկ արժեզրկմամբ։ ՌԴ տնտեսական դժվարությունների պատճառով այդ երկրում աշխատող մեր հայրենակիցները ոչ միայն ավելի քիչ գումար էին ուղարկում Հայաստան, այլև նրանց ուղարկած փողը (հիմնականում՝ ռուբլիով) արժեզրկվել էր՝ դոլարային տեսքով ավելի քիչ էր։
Գծապատկեր 1-ում սյուներով ներկայացված է 2008-2017թթ. հունվար ամիսների, իսկ գծով՝ տարեկան ներհոսքի ցուցանիշները։
Ինչպես տեսնում եք, 2016 թվականին Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը եղել է 1 մլրդ 533 մլն դոլար, ինչն ավելի քիչ է, քան 2009 թվականին։
Ինչ վերաբերում է ամսական ցուցանիշներին, ապա 2017-ի հունվարյան ներհոսքն ավելի մեծ է եղել, քան 2015 և 2016 թվականների հունվար ամիսներին։ Սակայն այն էապես զիջում է նախորդ հունվարներին։ Ավելի ցածր ցուցանիշ գրանցվել է միայն 2010 թվականի հունվարին՝ 70.6 մլն դոլար։
Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները 2008-2017թթ.` ըստ ամիսների և տարիների, մլն դոլար
Իսկ ո՞ր երկրներից են աճել դրամական փոխանցումները։ ԿԲ-ն փոխանցումների վիճակագրությունը ներկայացնում է՝ ըստ 10 հիմնական, այսպես ասած, դոնոր-երկրների։ Դրանցից վեցի դեպքում գրանցվել է ներհոսքի աճ, չորսի դեպքում՝ նվազում (Թուրքիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Իսպանիա)։
Բացարձակ թվով ամենից շատ՝ 11.2 մլն դոլարով, աճել են Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարները։ Իսկ տոկոսային առումով աճի առաջատարը Ղազախստանն է և այլ երկրները։
Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների աճը (նվազումը), 2017թ. հունվարը՝ 2016թ. հունվարի համեմատ,%
Ամենից շատ՝ 56.6%-ով, նվազել են Թուրքիայից կատարված փոխանցումները։ Փոխանցումների ներհոսքը նվազել է նաև Ֆրանսիայից, Ուկրաինայից և Իսպանիայից։
2017 թվականի հունվարի արդյունքներով՝ դրամական փոխանցումների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Հունվարին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել ավելի քան 43.5 մլն դոլար, որն ընդհանուր ներհոսքի 52%-ն է կազմում։
2017 թվականի հունվարին ԱՄՆ-ից փոխանցվել է 10.7 մլն դոլար, Գերմանիայից՝ 2.3 մլն դոլար, տասնյակում չներկայացված մնացած երկրներից միասին վերցրած՝ 22.4 մլն դոլար։
Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում (2017 թվականի հունվարին) դրամական փոխանցումների արտահոսքը (Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումները) կազմել է 42.6 մլն դոլար։ 2016-ի հունվարին այդ ցուցանիշը 42.5 մլն դոլար էր։ Այսինքն, արտահոսքը նույնպես աճել է, սակայն ավելի քիչ չափով՝ 100 հազար դոլարով կամ ընդամենը 0.2%-ով։
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, այսպիսով (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը), այս տարվա հունվարին կազմել է 41.7 մլն դոլար։