Բաժիններ՝

«Այստեղ անելիքներ ունենք թե՛ մենք, թե՛ Հայաստանի շուկայում գործող մեր գործընկերները, թե՛ ՀՀ կառավարությունը». Մհեր Պոլոսկով

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները և կառավարությունը դեռ անելիքներ ունեն ոլորտում հավելյալ արժեք ստեղծելու ուղղությամբ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը դրական է գնահատում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման դինամիկան, բայց գտնում է, որ անելիքներ դեռ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պոլոսկովն ընդգծեց, որ կարևորում է կառավարության և հասարակության այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում ևս պետք է հավելյալ արժեք ձևավորվի:

«Մոլիբդենի գծով, եթե նայում ենք մեր արտադրությանը, այդ հավելյալ արժեքն ապահովված է, պղնձի գծով`դեռ ոչ: Այստեղ անելիքներ ունենք թե՛ մենք, թե՛ Հայաստանի շուկայում գործող մեր գործընկերները, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը, որպեսզի փորձենք ընդհանուր եզրեր և լուծումներ գտնել»,- ասաց Մհեր Պոլոսկովը:

Նա հավելեց, որ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտը և պահպանելով զարգացման դինամիկան, պարտավոր են հասկանալ, որ սա միակ ոլորտը չէ, որ պետք է զարգանա:

«Մենք` որպես հասարակության մի մաս, ոչ միայն հանքարդյունաբերությանն ենք նայում, այլ հասկանում ենք, որ ընդհանրապես բիզնեսի զարգացումը պետք է լինի բազմազան, ինչը կապահովի պետության զարգացման բալանսը»,- ասաց Պոլոսկովը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարը նաև ասաց, որ դրական է գնահատում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը:

Նա հայտնեց, որ հանդիպել և ոլորտի առաջընթացի հեռանկարները քննարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Մենք այստեղ կարևոր երկու ուղղություն ենք տեսնում: Առաջին կարևոր ուղղությունը ի օգուտ հասարակության ձևավորվող ոլորտի զարգացման դինամիկան պահպանելն ու զարգացնելն է, իսկ երկրորդը` բնապահպանական և այլ կարևոր հարցերի նկատմամբ խիստ դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ սա ճիշտ վերաբերմունք է»,- եզրափակեց  Մհեր Պոլոսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս