
«Բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վստահեցնում է, որ հավաքականը խաղալու է հաղթանակի համար:
«Բոլոր ֆուտբոլիստները լավ են տրամադրված Ղազախստանի դեմ խաղից առաջ, բոլորը շատ լավ են պատրաստվում, բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը: Կարծում եմ, խաղին շատ լավ պատրաստված կլինենք: Իհարկե, խաղալու ենք հաղթանակի համար: Յուրաքանչյուր խաղում էլ բոլորս հաղթանակի ակնկալիքներ ունենք: Նախորդ խաղում պարտվում էինք 0:2 հաշվով, բայց հաղթեցինք 3:2 հաշվով: Երկրպագուները այս խաղում ևս սպասում են հաղթանակի: Բոլոր մրցակիցները մեզ համար շատ դժվար մրցակիցներ են, մեզ համար հեշտ մրցակից չկա: Պարզապես ամեն ինչ կապված է, թե ինչպես կպատրաստվենք խաղին, ինչպես ու սումնասիրած կլինենք մրցակցին, որքանով հաջողություն մեզ կօգնի: Քայլ առ քայլ ուսումնասիրում ենք ղազախներին, դեռ ամբողջովին չենք վերջացրել: Առջևում մի քանի օր ունենք: Կարծում եմ, մարզիչը մեզ ամեն ինչ կներկայացնի և կօգնի մեզ գտնելու նրանց թույլ և ուժեղ կողմերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը ասաց նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղում թեթև վնասվածք է ունեցել, այդ իսկ պատճառով չի կարողացել մասնակցել խաղին: «Հիմա ամեն ինչ նորմալ է, և ինձ լավ եմ զգում և պատրաստ կլինեմ հավաքականի առաջիկա խաղին»,-եզրափակեց Մխիթարյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: