Թուրքիան հրաժարվում է քրդերի հետ միասին մասնակցել Ռաքքայի ազատագրմանը
Թուրքիան հրաժարվում է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանը քրդերի հետ միասին:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:«Թուրքիան կմասնակցի ԻՊ զինյալներից սիրիական Ռաքքայի ազատագրմանը միայն սիրիական չափավոր ընդդիմության ուժերի հետ համագործակցության պայմանով, առանց սիրիական քրդերի»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Ռաքքան պատկանում է այդ քաղաքի բնակչությանը: Եթե ազատագրման գործողությունները տեղի ունենան միջազգային կոալիցիային օժանդակելու ձևով և սիրիական չափավոր ընդդիմության մասնակցությամբ, Թուրքիան կցուցաբերի իր օժանդակությունը: Եթե Ռաքքայի ազատագրման գործողություններին մասնակից դառնան նաև Սիրիայի քրդերի ժողովրդավարական միություն կուսակցության ուժերը, որոնց
պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության հետ, ապա մեր երկիրը չի մասնակցի»,-ավելացրել է փոխվարչապետը:
Քուրթուլմուշի խոսքերով` թուրքական զորքերի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության նպատակը թուրքական սահմանի անվտանգության ապահովումն է:
«Այս գործողությունը Թուրքիան սկսել է, որպեսզի ահաբեկչական խմբավորումները չկարողանան վնաս հասցնել Թուրքիային: ԷլԲաբը և Ջերաբլուսը ազատագրվել են թուրքական ուժերի օժանդակությամբ` տեղական ընդդիմության կողմից:
Դա լավ օրինակ է հետագայում ահաբեկիչների ձեռքից այլ քաղաքներ ազատագրելու համար: Ռաքքայի բնակչության 95 տոկոսը արաբներ են, և չի կարելի թույլ տալ, որ ԻՊից
քաղաքն ազատագրելուց հետո այնտեղ ներխուժեն այլ ահաբեկչական խմբավորումներ, այդ իսկ պատճառով մենք դեմ ենք քրդերի հետ համատեղ գործողություններին»,-եզրափակել է Քուրթուլմուշը:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրքսիրիական սահմանը: