«Սամվել Բաբայանն այնքան խիզախ մարդ էր, որ կարող էր իրեն նման բան թույլ տալ». Վովա Վարդանով

«Բաբայան Սամվելն այնքան խիզախ մարդ է, որ կարող էր անօրինական բան իրեն թույլ տալ, եթե ճիշտն ասեմ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ նման կարծիք հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հայտարարության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

Վովա Վարդանովը Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում. «Քաղաքական ենթատեքստը, որ երևում է, միայն կույրը չի տեսնում։ Բնական է՝ կա քաղաքական ենթատեքստ, այլ հարց է, որ քաղաքական ենթատեքստ չի նշանակում՝ իրականությանը չհամապատասխանող։ Կարող է՝ իրականությանը համապատասխանում է, ձեզ դա պետք է հետաքրքրի՝ ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում։ Ես ինչքանով գիտեմ Սամվել Բաբայանի կերպարը, նա շատ խիզախ, քաջ տղա է ու կարող էր իրեն նման բան թույլ տալ՝ անօրինական ձևերով գնալ դեպի «փայլուն Հայաստանի» ապագան։ Իսկ թե ինչքանով է դա իրականություն, այլ խնդիր է, հետաքննությունը կպարզի»։

Հիշեցնենք, որ ՕՐՕ դաշինքի անդամները ևս կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Դեպքից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Պաշտպանության և Արտաքին գործերի նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, թե Սամվելի Բաբայանի ձերբակալությունը կանխատեսելի էր, ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ և ուղղված է քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ։

Կարդացեք նաև

Սրան ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել  էր. «ՕՐՕ-ն Սամվել Բաբայանի ձերբակալությունից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել»։

Տեսանյութեր

Լրահոս