«Մի մոռացեք՝ եղել է 1990-94 թվական, որի ժամանակ ամեն ինչ էլ եղել է». Գառնիկ Իսագուլյանը՝ Սամվել Բաբայանի կողմից զենք վաճառելու հավանականության մասին

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վստահ է՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը չունի քաղաքական ենթատեքստ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Իսագուլյանը նշեց, որ ինքը լավ ծանոթ է ԱԱԾ համակարգին, և վստահություն հայտնեց, որ այն, ինչ ասել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

«Կուզեի երեկ տեղի ունեցածին՝ բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ձեռնպահ մնան տարբեր կարգի որակումներ տալուց, քանի որ ԱԱԾ-ի հայտարարության մեջ հստակ  նշված է, որ անհերքելի փաստեր գոյություն ունեն, որ տվյալ տեսակի զենիթահրթիռային համակարգը հիմնականում նախատեսված է 3-5 կիլոմետր բարձրությամբ թռչող օբյեկտներ վերացնելու համար, դրանք կարող են լինել ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր կամ այլ կարգի օբյեկտներ: Այն, ինչ ասել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, ցավոք սրտի:

Պետք է արձանագրենք, որ վերջին շրջանում, հատկապես՝ ընտրությունների հետ կապված, բավականին թեժացումներ են լինում, բայց այս պարագայում հստակ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստան ներկրվել է այդ զենիթահրթիռային համակարգը, թե ի՞նչ նպատակներով, դա հետագայում քննությունը ցույց կտա, բայց, որ այդ ամենի հետ կապ կա, ու ինչ-որ ձևով առնչվել է նաև նախկին պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, մենք իրավունք չունենք չվստահելու ԱԱԾ-ի հաղորդագրությանը»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Կարդացեք նաև

Գ. Իսագուլյանը կոչ արեց չքաղաքականացնել կատարվածը և ասել, որ դա կապված է ԱԺ ընտրությունների քարոզարշավի հետ.

«Ինֆորմացիայից հետո զանգել եմ Անդրանիկ Թևանյանին, իրենից եմ ճշտել, որ այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, դրանից հետո տարբեր հանդիպումներ եղել են, ինձ իսկապես մտահոգել է Սամվել Բաբայանի վիճակը: Շատ լավ իմանալով ԱԱԾ-ի համակարգը, շատ լավ ճանաչելով պարոն Կուտոյանին, կասեմ, որ այստեղ որևէ մտացածին կամ քաղաքական ենթատեքստ չկա, այն, ինչ ասվել է, դրա համար կան անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական տվյալները»:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Վրաստանը հերքել է, որ իր տարածքով նման համակարգ են տարել՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ բնական է, որ Վրաստանը պետք է հերքեր.

«Այդ համակարգը բավականին լուրջ համակարգ է, այդ համակարգի միջոցով կարելի է խոյահարել  ոչ միայն մարտական ինքնաթիռները, այլև քաղաքացիական ինքնաթիռներ, բնականաբար, Վրաստանը պետք է հերքի, որ իր տարածքով Հայաստան կարող է մուտք գործած լինել նման համակարգ, կամ կարող է՝ իրենց համապատասխան մարմինները տեղյակ չեն»:

Բանախոսը չբացառեց, որ գուցե Ս. Բաբայանը վաճառելու նպատակով է բերել այդ համակարգը, գուցե Հայաստանը որպես տարանցիկ երկիր է եղել, հետագայում ուզել են տեղափոխել այլ երկիր: Նա նաև չբացառեց, որ գուցե բերել են Պաշտպանության բանակին հանձնելու նպատակով:

Հարցին՝ Դուք շատ լավ ճանաչելով Ս. Բաբայանին՝ կարո՞ղ եք ասել՝ մինչև հիմա Ս. Բաբայանը զբաղվո՞ւմ էր զենքի վաճառքով. «Արդյոք գիտե՞մ դեպքեր, թե՞ չգիտեմ… թույլ տվեք՝ չպատասխանեմ այդ հարցին: Մի մոռացեք՝ եղել է 1990-94  թվական, որի ժամանակ ամեն ինչ էլ եղել է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս