Ընտրությունների մոտենալու հետ իրավիճակն է՛լ ավելի է սրվելու

«Հանրահավաքների ընթացքում սկսել են բավական կոշտ հայտարարություններ հնչել: Սկսեցինք նրանից, որ աչքեր էին հանում, երեկ մի ուրիշ տիկին մարզպետի ականջներ էր պոկում: Կարծում եմ՝ այս տենդենցը շարունակվելու է, և, բնականաբար, դրա վրա նաև ազդեցություն է թողնելու երեկվա ձերբակալությունը՝ կապված «Իգլայի» հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով քարոզարշավի մասին:

Նրա խոսքով՝ քարոզարշավի տրամաբանությունից բխում է, որ ընտրությունների մոտենալու հետ իրավիճակն է՛լ ավելի է սրվելու, ընտրարշավի ավարտին մոտենալուն պես՝ առավել կակտիվանան ընտրակաշառքի մասին խոսակցությունները:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ հրապարակված սոցիոլոգիական հարցումներն էլ արդեն վկայում են այն մասին, որ հանրությունն այս ընտրություններն ընկալում է ոչ այնքան՝ որպես մրցակցություն քաղաքական կուսակցությունների, որքան՝ որպես մրցակցություն վարչապետի թեկնածուների միջև:

«Կարծում եմ՝ հանրապետականների գլխավոր «ֆիշկան», ինչպես իրենք սիրում են ասել, այն էր, որ իրենք հայտարարեցին իրենց վարչապետի թեկնածուի անունը՝ հասկանալով, որ նա վստահության որոշակի պաշար ունի: Իրենց այդ հնարքը փորձում են իրագործել մինչև վերջ: Մոտավորապես նույնն անում է նաև «Ծառուկյան» դաշինքը: Տեսնում ենք, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն է իրականացնում դաշինքի քարոզչությունը: Այստեղ ևս ամեն ինչ հասկանալի է։ Նրանք էլ են հասկանում, որ հանրությունը, մանավանդ մարզերում, նաև մեծ քաղաքներում, այնուամենայնիվ, լիդեր է ընտրում»:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ կուսակցությունները, որոնք հայտարարել են իրենց վարչապետի թեկնածուների անունները, բավական ճիշտ քայլ են արել. մարդիկ հասկանում են, թե ընտրելով ուժին՝ ում են ընտրում:

Խոսելով «Ելք» դաշինքի մասին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ այն սկզբնական շրջանում սպիտակ քարոզչություն էր անում, բայց ինչ-որ փուլից նկատվում է, որ դաշինքը սկսել է կոշտացնել իր դիրքորոշումը: Ըստ նրա՝ դաշինքը սկսել է ավելի շատ քննադատել գրեթե բոլորին, մի փոքր ավելի շատ՝ իշխանություններին, մի փոքր քիչ՝ «Ծառուկյան» դաշինքին, նաև մյուսներին, նախևառաջ՝ ՕՐՕ-ին:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ «Ազատ դեմոկրատներն» աշխատում են թիրախային խմբի վրա՝ արևմտամետ զանգվածի: Նրանք բավական ճիշտ քայլ են կատարել՝ ցուցակում ներառելով հանրությանը հայտնի դեմքերի:

ՀՎԿ-ի գլխավոր խնդիրը, ըստ Վիգեն Հակոբյանի, այն է, որ նույն ռեպերտուարն է, ինչպես միշտ: Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձից ամենաշատը տուժել է հենց ՀՎԿ-ն, քանի որ ինչ-որ չափով նրանց սեգմենտները համընկնում են: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ըստ նրա, այն բացառիկ ուժերից, ով հանդես է գալիս գաղափարախոսությամբ, որի հետ, իհարկե, կարելի է չհամաձայնել, բայց նրանք չեն թաքցնում գաղափարախոսությունը:

Կոմունիստական կուսակցության գործառույթը, քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ «Ծառուկյան» դաշինքից ձայներ տանելն է: ՀՅԴ-ն, ըստ Վիգեն Հակոբյանի, ի սկզբանե հայտարարել է, որ կայուն ընտրազանգված ունի, ինչից բխում էր, որ փորձելու են պահպանել այդ ընտրազանգվածը, սակայն խնդիրն այն է, որ տարիների ընթացքում այն մաշվում է և անցողիկ շեմի սահմաններում է։

ՕՐՕ-ն, ըստ նրա, ընտրության հետ ասոցիացվելու խնդիր ունի, քանի որ նրա լիդերների իշխանական հետագիծը կասկածներ էր հարուցում ոչ միայն հանրության շրջանում, այլև ընդդիմադիր դաշտում։

«Սամվել Բաբայանը, լինելով ՕՐՕ դաշինքի ստվերային մոդերատորը, ըստ էության, հայտնվում էր այն պահերին, երբ ամենասուր պահերն էին լինում, և հանդես էր գալիս բավական կոշտ հայտարարություններով՝ ուժային բնույթի»,- ասաց նա՝ նշելով, որ ձերբակալությունը ռեյտինգային առումով կարող է օգուտ բերել ՕՐՕ դաշինքին, բայց դա ձայների քանակի առումով օգուտ չի տա։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այս պահին ԱԺ չեն անցնի ՕՐՕ դաշինքն ու Կոմունիստական կուսակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս