Բաժիններ՝

«Տիգրանն ասաց՝ ես կավարտեմ ու կգնամ ծառայության… ու էլ հետ չեմ գա…»

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ջաբրայիլում նահատակված Տիգրան Բերակչյանի ծննդյան օրն է:

Հանդարտ, խելացի մտածող, մեծ սիրտ ունեցող Տիգրանը. հենց այսպես նրան կհիշի ուսուցչուհին՝ Նինա Արամյանը, ով Տիգրանին դասավանդել է ավագ դասարաններում:

«Նա մեր դպրոց եկավ 10-րդ դասարանի կեսերին, քանի որ ուսումնարան էր ընդունվել, բայց հետո թողել էր այն: Տիգրանի համար նոր միջավայր չէր այդ դասարանը, քանի որ նախորդ դպրոցի դասարանցիներից մի քանիսն էլ էին եկել մեզ մոտ:  Շատ ընկերասեր էր Տիգրանը ու խղճով, երբեք կռվի մեջ չէր մտնի, մարդկանց չէր խփի, այլ կհասկացներ խոսքով: Շատ քչախոս էր, երբեք չէր կանգնի, ինչ-որ թեմայի շուրջ չէր բանավիճի, այդ իսկ պատճառով մի փոքր դժվար էր հասկանալ նրան, եթե առանձին չզրուցեիր հետը:

Ընկերները մեկ-մեկ կատակներ էին անում, ասում էին՝ շատ խելոք ես, Տիգրանը չէր նեղանում, բայց ինձ հետ որ խոսում էր, ասում էր՝ դե, ընկեր Արամյան, ամեն մեկն իր ձեւով է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Նինա Արամյանը:

Տիկին Արամյանը մի դեպք  հիշեց, որն իր խոսքով, հավանաբար, այլեւս երբեք չի մոռանա:

«Այն շատ մեծ տպավորություն է գործել ինձ վրա: Մի օր դասարանում երեխաների հետ նստած զրուցում էինք, ամեն մեկն ասում էր, թե ավարտելուց հետո ուր է գնալու, ինչ է սովորելու: Տիգրանն ասաց՝ ես կավարտեմ ու կգնամ ծառայության. մի պահ լռեց ու շարունակեց, ասաց՝ ընկեր Արամյան, ես կգնամ ու էլ հետ չեմ գա: Երեխաներն էլ  լռեցին, զարմացած նայեցին նրան: Ասացի՝ ինչպես թե չես գա, բոլորն էլ պիտի գնան ու հետ գան, այդքան վատ մի տրամադրվի: Ասաց՝ բայց ես վատ տրամադրված չեմ, ներքին ձայնս դա է հուշում է… Եվ նա երբեք չի խուսափել ծառայությունից, չի նեղվել, որ պիտի ավա րտի ու անմիջապես գնա բանակ»:

Տիգրանը 12-րդ դասարանից սկսել էր աշխատել. դասղեկն էլ ամեն կերպ փորձում էր աջակցել, քանի որ գիտեր՝ Տիգրանն ուր է գնում եւ ինչի համար:

«Զրուցեցինք իրար հետ, ասացի՝ Տիգրան ջան, ինչքան կարող եմ, կպահեմ, դե դպրոցում ստուգումներ էին անցկացվում: Գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս էր դասի, մեկ-մեկ քնում էր դասերին: Որ նրան նայեիր, երբեք չէիր հասկանա, որ  սոցիալական խնդիրներ ունեն, լացկանություն չկար նրա մեջ: Հասուն մարդու պես էր իրեն պահում, կարծես արդեն մեծացած լիներ: Բա տեսնեիք՝ աղջիկների հետ ինչքան մեղմ էր վարվում, ոչ մի ավելորդություն չէր անում, ոչ այն պատճառով, որ վախենում էր, այլ իր դաստիարակությունը դա թույլ չէր տալիս»:

Դասղեկն ասաց, որ նախքան այս դեպքերը վստահ չէր, որ ներկա սերունդը կարող է նման հերոսություններ անել, իսկ այժմ ոչ մի կասկած չունի, որ նրանք միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները:

«Բոլոր ուսուցիչների համար  սա շատ ծանր դեպք էր: Կարծում եմ՝ ընդհանրապես հասարակության վրա այն մեծ ազդեցություն գործեց, սակայն, հավանաբար, միայն որոշակի խավի: Ես չեմ ուզում խորանալ քաղաքականության մեջ, որը մեծ ցավ է պատճառում մեզ: Կասեմ միայն մի բան. մենք մեր մեջ որ խոսում էինք, մտածում էինք՝ եթե հանկարծ մի բան լինի,  ինչ պիտի անեն այս տղաները, բայց նրանք ավելին արեցին, քան սպասում էինք: Սա մի սպի է, որը, երեւի, ամեն մեկի սրտի մի անկյունում պիտի մնա: Բայց, ցավոք, ես չեմ էլ տեսնում, որ ինչ-որ բան արվում է, ես փոփոխություններ չեմ տեսնում: Չգիտեմ՝ միգուցե լինում են, բայց անտեսանելի՞ են»:

Զրույցի ավարտին տիկին Արամյանը հավելեց. «Երբեք չեմ մոռանա Տիգրանի աչքերն ու հայացքը, որոնք ավելի քան խոսուն էին: Նրա աչքերում ես միշտ տեսել եմ ինչ-որ մի անհայտություն, բայց նաեւ խորիմաստություն: Նրա նկարը տեղադրված է մեր դպրոցում. երբ էլ որ նայում եմ այդ նկարին, միշտ իր այն հայացքն է աչքերիս առաջ գալիս»:

Սյուզի Մուրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս