«Վերջնական արդյունքը կարող է բավական տարբերվել մինչև այժմ հրապարակված հարցումների տվյալներից». քաղտեխնոլոգ

Քարոզարշավի առանձնահատկությունը պայմանավորված է հենց Ընտրական օրենսգրքով՝ ռեյտինգային համակարգի ներմուծմամբ, որի պայմաններում քարոզարշավը կարող է անցկացվել մի մեթոդոլոգիայով, բայց ձայների քանակը պայմանավորված է լինելու ռեյտինգային թեկնածուների աշխատանքով և արդյունքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նա նշեց, որ սոցիոլոգիական հարցումները, որոնք հրապարակվել են, որոշակի թվային տվյալներ են ցույց տվել, բայց վերջնական արդյունքը կարող է բավական տարբերվել մինչև այժմ հրապարակված տվյալներից, քանի որ այդ հարցումները հաշվի չեն առնում ռեյտինգային հնարավոր արդյունքները։

Միևնույն ժամանակ՝ քաղտեխնոլոգն ասաց, որ հարցումներից նաև պարզ է դարձել, որ ընտրողներն անձնավորված ընտրություն են կատարում. դրա մասին է վկայում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի բավական բարձր ռեյտինգը և Հայաստանի հանրապետական կուսակցության՝ համեմատաբար ավելի ցածր արդյունքը։

«Այսինքն՝ ինչ-որ փուլից սկսած, նույնիսկ մեկ շաբաթ անց արդեն պարզ հասկանալի դարձավ, որ մարդիկ սկսել են անձնավորված ընտրություն անել, և ընտրությունը հիմնականում գնում է վարչապետի թեկնածուների միջև։

Այն ուժերը, որոնք լուրջ արդյունքներ արձանագրելու լուրջ հնարավորություններ ունեն, հենց դրա վրա էլ դնում են շեշտը։ Մենք տեսնում ենք, որ հանրապետականներն անվերապահորեն առաջին պլան են մղել Կարեն Կարապետյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանին»,- ասաց Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով՝ մյուս ուժերի դեպքում կոնկրետ ընդգծված լիդերներ չկան, այդ քաղաքական ուժերը ևս հասկանում են դա. այդ ուժերի գլխավոր թերություններից մեկն էլ գուցե այն է, որ նրանք չեն հայտարարում, թե ով է վարչապետի թեկնածուն։ Իհարկե, «Ազատ դեմոկրատները» և ՀՎԿ-ն հայտարարել են դրա մասին, բայց դա չի շեշտադրվում։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս