«131 պատգամավորից 74-ը 5 տարվա ընթացքում ծպտուն չեն հանել». Միքայել Մելքումյան
«Ներկայացված ցուցանիշները, հատկապես՝ կապված Կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնողականության հետ, խոսում են այն մասին, որ Ազգային ժողովն իր ամենակարևոր գործառույթներից մեկը՝ օրինաստեղծ գործառույթը, գրեթե ամբողջությամբ զիջել է Կառավարությանը և ավելի շատ հանդես է գալիս դակողի, հաստատողի, վավերացնողի դերում»,- այս մասին այսօր «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի՝ 5-րդ գումարման խորհրդարանի 5-ամյա գործունեության դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցի ներկայացման ընթացքում ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը՝ խոսելով այն մասին, որ 10 նստաշրջանի ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն ընդունել է 1078 օրենք. յուրաքանչյուր 10 օրենքից 9-ը գրել է կառավարությունը. 1078 օրենքից 995-ի՝ 92 տոկոսի հեղինակը կառավարությունն է, 83-ինը՝ 8 տոկոս, ԱԺ պատգամավորները:
Գոռ Աբրահամյանն անդրադարձավ ԱԺ խմբակցությունների գործունեության ծրագրահենությանը՝ նշելով, որ որպես գնահատման եղանակ՝ ընտրվել է, թե որքանով են խմբակցություները քվեարկությունների, ելույթների ընթացքում հավատարիմ մնացել հիմնական ծրագրային դրույթներին, և որքանով են նախաձեռնողականություն ցուցաբերել ծրագրերից բխող խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ընտրվել է 4 հիմնական ուղղություն՝ քաղաքական և պետական կառավարման համակարգ, արտաքին քաղաքականության և անվտանգության, սոցիալական ապահովության և աջակցության, տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտներ։
«Որպես քաղաքական մեծամասնություն՝ Հանրապետական կուսակցության պարագայում նկատելի է որոշակի անհետևողականություն կառավարման համակարգի փոփոխության առումով՝ այն իմաստով, որ կուսակցությունը երբևէ հանդես չի եկել՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից։ Ավելին, մինչև 2013-2014թթ. հետևողականորեն դեմ էր հանդես գալիս խորհրդարանական համակարգի կողմնակիցների ընդհանուր մոտեցումներին, որոնք այդ շրջանում բավական բուռն փորձում էին առաջ մղել, բայց հետագայում նույն հիմնավորումներով, որոնցով մերժում էր մոտեցումը, հիմնավորեց խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու անհրաժեշտությունը։
Մեր գնահատմամբ՝ այստեղ հակասություն կա, բայց ավելի շատ՝ կապված քաղաքական դիրքորոշումների, տեսլականի հետ, որովհետև հետաքրքրական է, որ իր ծրագրում Հանրապետական կուսակցությունը, այնուամենայնիվ, շեշտել է, որ չի բացառում որևէ պարագայում կառավարման համակարգի հնարավոր փոփոխությունը»,- ասաց Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ որոշակի հակասություններ տեսնում են նաև Եվրասիական տնտեսական միության հետ կապված՝ այն իմաստով, որ ծրագրի փիլիսոփայությունն ավելի շատ կառուցված է Հայաստանի ինքնիշխանության, սուբյեկտայնության վրա, բայց ԵԱՏՄ-ի հատկապես այն կառույցները, որոնք ավելի բարձր կարգավիճակ են ունենալու, քան ներպետական ինստիտուտները, այդ ինքնիշխանությունից որոշակիորեն հրաժարվելու ենթատեքստ են պարունակում։
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանին»՝ Գոռ Աբրահամյանն ասաց, որ հիմնական խնդիրը ծրագրի հռչակագրայնությունն է. ըստ նրա՝ խնդիրն առկա է նաև ՕԵԿ-ի ծրագրի պարագայում. «Մոտեցումների անհստակությունը հնարավորություն է տվել 5-ամյա գործունեության ընթացքում մանևրայնություն ցուցաբերելու դիրքորոշումներ որդեգրելու կամ քվեարկությունների ժամանակ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելու առումով։ Հիմնական խնդիրն այն է, որ «Բարգավաճ Հայաստանը» ևս մինչև 2015թ. սկզբունքորեն դեմ էր հանդես գալիս կառավարման համակարգի փոփոխությանը։ Հետագայում, իհարկե, սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ, ոչ միայն կողմ հանդես եկավ, այլ նաև մասնակցեց քարոզչությանը»։
Ըստ Գոռ Աբրահամյանի՝ հռչակագրային մակարդակում ՀԱԿ-ն առաջնահերթ է դիտարկել Հայաստանի ինքնիշխանությունը։ «Եթե զուտ այս դաշտում նայենք, ապա ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված՝ ևս որոշակի հակասականություն ենք նկատում։
Չնայած պրոռուսական ուղղվածությունը ՀԱԿ-ի պարագայում արդարացվել է հիմնականում նրանով, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը բավական բարձր է, և չի կարելի անտեսել այս իրողությունը, բայց, այնուամենայնիվ, այդ սկզբունքային մոտեցման և ինքնիշխանությունից որոշակիորեն հրաժարվելու տրամաբանության առումով կա որոշակի հակասականություն։ ՀԱԿ-ն ավելի շատ կենտրոնացել է քաղաքական, քան օրինաստեղծ գործունեության վրա։
Հետաքրքրական է, որ այս երևույթը երևում է նաև «Ժառանգություն» խմբակցության պարագայում։ ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» ավելի շատ շեշտը դրել են քաղաքական մեծամասնության կողմից ներկայացվող օրինագծերի, մոտեցումների, քաղաքական որոշումներին դիմադրելու, քան սեփական նախաձեռնություններով հանդես գալու վրա։ Պատահական չէ, որ այս երկու ուժերի հիմնական նախաձեռնություններն ավելի շատ քաղաքական բովանդակություն են ունեցել, քան օրենսդրական, տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական սուր, հանրային-քաղաքական մեծ հնչեղություն ունեցող իրողությունների հետ կապված՝ Ազգային ժողովի դիրքորոշումն ընդգծելու, դիրքորոշմամբ հանդես գալուն մղելու քայլեր են եղել»,- ասաց նա։
Գոռ Աբրահամյանն ասաց նաև, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին «Ժառանգություն» կուսակցության առանցքային քաղաքական դիրքորոշումներից է եղել, սակայն սահմանադրական փոփոխությունների ընթացքում կուսակցությունը կտրականապես դեմ է արտահայտվել դրան՝ հայտարարելով, որ նախաձեռնությունը թաքնված քաղաքական նպատակներ ունի։ Անդրադառնալով ՀՅԴ-ին՝ նա նշեց, որ առավել մեծ ակտիվություն է նկատվել, երբ այն ընդդիմադիր է եղել։ Նա նշեց նաև, որ փոքրամասնությունն առավել ազդեցիկ է եղել, երբ միասնական է գործել։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ գնահատականներին՝ նշելով նաև, որ հարկավոր է տեսնել, թե ներսում ինչ օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ են առկա: «Ես իմ մոնիտորինգն եմ արել՝ 131 պատգամավորից 74 պատգամավոր 5 տարվա ընթացքում ծպտուն չեն հանել»,- ասաց Միքայել Մելքումյանը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ ասաց, որ ներկայացված տվյալները կարդալուց հետո եզրակացությունը հետևյալն է՝ ինչպիսի պառլամենտ չի կարելի ունենալ։ Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը, որ ԱԺ-ում նստած է՝ «կոճակ է աշխատել»։ Նրա գնահատմամբ՝ սա տխուր, ողբերգական վիճակ է։